«Պրոբլեմը ծագել է այն պահից, երբ որոշ ուժեր, որոշ մարդիկ փորձել են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել որպես Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Radar Armenia-ի հարցին ի պատասխան։
«ՌԴ իշխանությունները անընդհատ նշում են, որ եռակողմ աշխատանքային խմբում մշակված նախագծերով տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասով Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դրվում։ Կարո՞ղ եք հաստատել կամ հերքել այս պնդումը, և կարո՞ղ եք ասել, թե այդ աշխատանքների արդյունքում ինչ լուծում էր գտնվել, կամ եթե փակուղի էր ստեղծվել, ապա ինչպիսի՞»,- վարչապետին հարցրել է Radar Armenia-ի թղթակիցը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանի մեջ նշել է. «Մենք էլ ասել ենք՝ որտեղ է գրված նման մեկնաբանություն։ Չկա ընդհանրապես։ Եվ պրոբլեմը ծագել է այդտեղից, եթե դա է պրոբլեմը։ Դա պրոբլեմ չէ, մենք ասել ենք՝ չկա նման հարց, չի կարող այդպես լինել։ Բայց հիմա պրոբլեմն ուրիշ տեղ է, որ այդ հայտարարության մեջ արդեն անդառնալի ու անշրջելի կետեր կան, օրինակ, ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում վաղուց չկա»։