ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվության ու արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Գնահատելով երկու երկրների կառավարությունների համագործակցությունը` նա ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի եւ մշտական հանձնաժողովների փոխգործակցության անհրաժեշտությունը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով երկկողմ խորհրդարանական հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված մեծ ներուժ:
Խրիստոս Սոֆիանոպուլոսը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, եւս ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության եւ ընդհանուր արժեքների վրա:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, անվտանգության մարտահրավերների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Հայաստան-ԵՄ գործընկերության վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: