Քաղաքական

«ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա». Արման Եղոյան

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, թե այս պահին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա։ 

Անդրադառնալով ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա ասել է. «Այս պահին մենք գտնվում ենք առկա գործող համաձայնագրի կիրարկման պրոցեսում, որը, ըստ ճանապարհային քարտեզի, պետք է ավարտվի 2026 թվականին՝ բացառությամբ 1-2 կոմպոնենտի, որոնք նախատեսված են 2027-ի համար: Բայց դա էլ մենք կարող ենք շուտ ավարտել, այսինքն՝ 2026 թվականին առկա գործող համաձայնագիրը ամբողջությամբ կիրարկված կլինի»:

Եղոյանը հիշեցրել է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը հենց առկա համաձայնագիրն է՝ հանած ազատ առևտուր. «Իսկ ազատ առևտուրն ինքնին ենթադրում էր նաև Մաքսային միության որոշակի էլեմենտներ, մաքսային արտոնություններ, անմաքս առևտուր, բայց, ինչպես գիտեք, Հայաստանն այն ժամանակ դարձավ մեկ այլ մաքսային միության անդամ, իսկ մի պետությունը տեխնիկապես չի կարող 2 մաքսային միությունների անդամ լինել»։ 

Հարցին՝ հնարավո՞ր է եվրաինտեգրման գործընթացում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը, նա նշել է. «ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա. դա քաղաքական որոշում է»: