Քաղաքական

Վերոհիշյալից բացի այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կողմից մեզ չի ներկայացվել. Խամոյանը՝ ՄԻՊ թեկնածուի մասին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Ագնեսա Խամոյանը մանրամասներ է հայտնել ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածությունը առաջադրելու մասին։ 

«Հաշվի առնելով ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման շուրջ ծավալվող քննարկումը, հարկ եմ համարում ընդգծել.

«Հայաստան»  խմբակցությունը նման որոշում կայացրել է՝ ընդառաջելով մի շարք հասարակական նախաձեռնությունների նամակ-դիմումի ՄԻՊ պաշտոնում առաջադրելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Որոշման հիմքում բացառապես խորհրդարանական ընդդիմության կողմից հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության կարեւորումն է: 

Հարկ եմ համարում նշել, որ վերոհիշյալից բացի  այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման եւս երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա եւ ըստ այդմ կորոշվեր, թե թեկնածուներից ում կառաջադրեինք այդ պաշտոնում:  

Հարկ եմ համարում ընդգծել նաեւ, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի եւ միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»,- այս մասին Խամոյանը գրել է իր «Ֆեյսբուքի» էջում։