Քաղաքական

ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացից։

Ըստ Միրզոյանի՝ մի կողմից կա խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց, մյուս կողմից Ադրբեջանի՝ գնալով սրվող հռետորաբանություն ու ագրեսիվ գործողություններ. «Վերջին շրջանում ավելի են սրվել թե հայատյացության քարոզը, թե ուղիղ սպառնալիքները։ Հիշում եք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց անգամ, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում 29 հազար կմ-ի վրա հանգիստ չեն ապրելու, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները։ Այս ուլտիմատիվ կեցվածքը, հռետորաբանությունը կա, և, միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։ Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկները, աշխատում ենք դրանց վրա, առաջիկայում կլինեն մեր արձագանքն ու առաջարկները»։

Ըստ Միրզոյանի՝ ագրեսիվ կեցվածքը ոչ թե նպաստում է խաղաղության գործընթացին, այլ խոչընդոտներ է ստեղծում։

Նախարարը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, և կարգավորումները տեղ են գտել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Միրզոյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ։