Քաղաքական

«Ամենաշատը մենք ենք ուզում, որ ճանապարհը բացվի». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարին՝ հավելելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ցամաքային մեկ կապող օղակ ունի՝ Վերին Լարսի ճանապարհն «իր բոլոր հայտնի պրոբլեմներով»։ Փաշինյանը նշել է, որ Վրաստանը նախաձեռնել է թունելի կառուցում, որը խնդիրը կլուծի. «Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհի բացումն, էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ»։

Վարչապետը շեշտել է, որ ՀՀ-ն շահագրգռված է իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը. «Տպավորություն է, որ բոլորն ուզում են ճանապարհները բացել, մենք դիմադրում ենք։ Ոչ, ընդհակառակն, ամենաշատը մենք ենք ուզում, որ ճանապարհը բացվի, իսկ դիմադրում են մյուսները»։

Ըստ վարչապետի՝ Հայաստանն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը, քանի որ Հայաստանը 30 տարի է՝ շրջափակման մեջ է, իսկ Թուրքիան և Ադրբեջանն ունեն այլընտրանքային ճանապարհներ. «Բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, ուստի փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել»։

Փաշինյանը նաև նշեց. «Վերջերս Ադրբեջանի նախագահն ինքն ասաց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում «միջանցք» բառ չկա, չկա գրված Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում. չկա գրած ՀՀ օրենսդրության կիրառության որևէ սահմանափակում, և բառիս իսկական իմաստով արձանագրում եմ, որ մենք հենց վաղը պատրաստ ենք այդ բոլոր գործողությունները իրականացնել և մեկնարկը տալ»: