Քաղաքական

«Պատրաստ ենք հետաձգված հանդիպումն անել Մոսկվայում». Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին՝ շեշտելով, որ այն շարունակական է. «Կողմերը շարունակաբար, մի քանի փուլով, փոխանակվում են առաջարկություններով, մեկնաբանություններով, հիմնավորումներով, ապա նոր փուլ, նոր առաջարկներ, և գործընթացն այսպես պետք է առաջ տարվի։ Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում նախարարների հանդիպումներ, որտեղ քննարկվում են առաջարկները»,- ասել է Միրզոյանը՝ հիշեցնելով, որ դեկտեմբերին Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով չեն մասնակցել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը։

«Չմասնակցելով՝ մենք, միևնույն է, հեռավար կարգով փոխանցել ենք մեր առաջարկները, և ահա մի քանի օր առաջ՝ գուցե 10-15 օր առաջ, ստացել ենք Ադրբեջանի պատասխանը մեր առաջարկներին, այնուհետ՝ հերթական ադրբեջանական առաջարկները։ Ըստ էության, քննարկման փուլում ենք, ինչը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը կանգ չի առել։ Այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով»,- մանրամասնել է Միրզոյանը։

Նա նաև հիշեցրել է, որ հայկական կողմը ոչ թե չեղարկել, այլ հետաձգել է Մոսկվայում նախորդ տարվա դեկտեմբերին նախատեսված հանդիպումը. «Այդ ձևակերպումը թույլ է տալիս ենթադրելու, որ որոշակի հարմար պահի մենք կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը։ Հանդիպումները կարող են տեղի ունենալ Մոսկվայում և այլուր»։

Ըստ Միրզոյանի՝ քաղաքի վայրի ընտրությունը կարևոր է, բայց գործընթացի վրա մեծ ազդեցություն չունի. «Պատրաստ ենք հետաձգված հանդիպումն անել Մոսկվայում»։

Բանակցային գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ Արարատ Միրզոյանը չի հայտնել՝ նշելով, որ դետալները հրապարակայնացնելը նպատակահարմար չի համարում։