Քաղաքական

«ԵԽԽՎ-ում քաղաքական խմբերը միաձայն արձանագրել են Լաչինի միջանցքի փակ լինելը». Սոնա Ղազարյան

Հունվարի 24-ին Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը։ Քառօրյայի ընթացքում Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի հետ։

-Նոր եք վերադարձել Ստրասբուրգից՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից։ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ ի՞նչ աշխատանք է իրականացվել, և ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԽԽՎ-ից։

-Մինչ Լաչինի միջանցքի հարցի քննարկման մասին խոսելը պետք է արձանագրենք, որ մեծ ճանապարհ է անցել հարցի քննարկման փաստը, եթե առաջնորդվենք նրանով, որ սկզբում այն քննարկվել է նախագահական կոմիտեում։ Եվ որպեսզի հարցը առաջադրվի լիագումար նիստերի օրակարգում և քննարկվի, բյուրոն կողմ է քվեարկել այս հարցին։ Լիագումար նիստի նախագահողը ներկայացնելիս արդեն ասել էր, որ նիստի ընթացքում քննարկվող երկու հարցերից նախապատվությունը տրվում է Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների թեմային։ Եվ, ըստ այդմ, 91 կողմ քվեարկությամբ հարցը ներգրավվեց լիագումար նիստերի օրակարգում, և հինգշաբթի օրը ունեցանք քննարկում։ ԵԽԽՎ կարգն այնպիսին է, որ սկզբում դիրքորոշում են հայտնում քաղաքական խմբերը։ Բոլոր քաղաքական խմբերը միաձայն արձանագրել են Լաչինի միջանցքի՝ փակ լինելու փաստը։ Սա առանձնացնում եմ, որովհետև Ադրբեջանի պատվիրակությունը փորձում էր ներկայացնել, թե շրջափակում առհասարակ չկա, բայց հայտնվում էին իրենց ծուղակում, քանի որ այս հայտարարություններին հետևում էր իրենց կողմից քննարկում, թե ինչի համար է շրջափակումը։ Օրինակ էին բերում կեղծ բնապահպանների թեման, անձնավորած խնդիրներ էին ներկայացնում, սրան զուգահեռ նշում էին, թե իբր զենքի մատակարարում է տեղի ունենում Լաչինի միջանցքով, բայց այդ փաստարկներն, ըստ էության, չընդունվեցին ԵԽԽՎ-ի կողմից։ Եվ քաղաքական խմբերը ելույթ ունեցան՝ փաստելով, որ կա շրջափակում, ինչպես նաև առանձին անդամներ ելույթներ ունեցան՝ խոսելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապության մասին, այն մասին, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել բնականոն տեղաշարժը, փաստեցին մարդասիրական աղետի գոյությունը և դրա ծանր հետևանքները։ Պատվիրակներից շատերը ելույթ ունենալիս նաև արձանագրում էին Լաչինի միջանցքում փաստահավաք առաքելության կարևորությունը և կոչ անում Ադրբեջանին՝ այս օրակարգի շուրջ համագործակցել Հայաստանի հետ, քանի որ երկու պետությունների համաձայնությունն էլ այստեղ կարևոր է։ ԵԽԽՎ-ում ամենանշանակալից ձեռքբերումն այն էր, որ բյուրոն որոշում է կայացրել, որ հարցի քննարկմանը կհետևի բանաձևի ընդունումը։ Ուզում եմ տեղեկացնել, որ «Progress report»-ում հայկական պատվիրակությունը ներկայացրել է երկու փոփոխություն։ Առաջինն այն է, որ ԵԽԽՎ անդամ պետությունների վերաբերյալ զեկույցում տեղ գտնի նաև մեր գերեվարված քաղաքացիների հրատապ վերադարձի հարցը, և երկրորդը՝ բանաձևի մակարդակում ներգրավվի Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը և դրա կարևորությունը։ Կարող ենք արձանագրել, որ կարողացել ենք այնպես անել, որ ԵԽԽՎ բանաձևում ամրագրվի, որ Լաչինի միջանցքը փակ է, և կա ապաշրջափակման հրատապ կարիք, որի հետևանքով ստեղծվել է մարդասիրական ճգնաժամ։

-Ձեր կարծիքով՝ ԵԽԽՎ բանաձևի ընդունումը կարո՞ղ է զսպել Ադրբեջանին։

-Իմ գնահատմամբ՝ այո, հաշվի առնելով, որ լուրջ դիմադրության է հանդիպել ադրբեջանական պատվիրակությունը։ Ակնհայտ էր, որ նրանք աջակցության համար դիմել են այլ գործընկերների։ Փորձել են տարբեր երկրների՝ թեկուզ պատվիրակներին խնդրել, որպեսզի ելույթ ունենան իրենց օրակարգով, և որևէ դրական արդյունքի չեն հասել։

-Կա՞ն հստակ ժամկետներ, ԵԽԽՎ բանաձևը ե՞րբ պատրաստ կլինի։

-Ընթացակարգն այսպես է։ ԵԽԽՎ բյուրոն պատվիրակում է հանձնաժողովներից մեկին, որպեսզի հարցը քննարկվի։ Մենք արդեն գիտենք, որ այն կքննարկվի միգրացիայի հանձնաժողովում։ Եվ հիմա պետք անցնենք նաև այդ փուլը։ Իհարկե, ակնկալում ենք, որ նաև այստեղ ենք լուրջ դիմադրության հանդիպելու, բայց հայկական պատվիրակությունն իր ողջ կազմով, այս պարագայում՝ նաև ընդդիմադիր գործընկերների հետ, պատրաստ է դիմակայել դրանց։

Հայկ Մագոյան