Քաղաքական

«ՌԴ-ն միշտ խոչընդոտել և խոչընդոտելու է հայ-թուրքական երկխոսությանը». Անի Սամսոնյան

Radar Armenia-ի զրուցակիցը «Լուսավար Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանն է։

-ՌԴ ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ նպատակ ունեն առաջ մղել «3+3» հարթակը։ Այս ֆորմատի ակտիվացմամբ ՌԴ-ն ի՞նչ նպատակ է հետապնդում։

-Այդ ձևաչափի առաջմղումը մեկ նպատակ ունի՝ հանել Արևմուտքին՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին, Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացից և, ընդհանրապես, տարածաշրջանից։ Ակնհայտ է, որ ԵՄ դիտորդական առաքելության՝ դեպի Հայաստան այցի և երկարաժամկետ գործունեության որոշումը գրգռել է ՌԴ-ին, որը նույնիսկ չեն էլ թաքցնում և բացահայտ մատ են թափ տալիս Հայաստանի վրա։ Քանի որ ՌԴ-ն, որպես առանձին միջնորդ, այլևս կենսունակ չէ, դա հստակ ցույց տվեց Լաչինի միջանցքի շրջափակումը ռուսական խաղաղապահ մանդատի ներքո, մեկ ամսից ավել Արցախի ժողովրդին հումանիտար աղետի մեջ պահելը և այդ ֆոնին Մոսկվայի անգործությունն ու անկարողությունը։ Իսկ ՀԱՊԿ-ի՝ արհեստական կառույց լինելը արձանագրվեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի օկուպացված տարածքների փաստով։ Հետևաբար, ՌԴ-ն փնտրում է գործընկերներ․ ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդեցին, հետևաբար դա էլ չեն դիտարկելու, հատկապես, որ համանախագահող մյուս երկրները Ֆրանսիան ու ԱՄՆ-ն են։ Մնաց «3+3» ձևաչափը, որտեղ Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը, նաև Իրանը դառնալու են Ադրբեջանի ծանր կշռաքարերը, իսկ Հայաստանը լինելու է մյուս նժարին միայնակ նստած։ Եթե սա ՌԴ-ի համար քաղաքական հարց է, ապա Հայաստանի միակ հարցը սեփական անվտանգության, ինքնիշխանության և պետականության պաշտպանությունն է, որը կարող է վտանգի տակ լինել «3+3» ձևաչափում։

-Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար օգտագործի նաև այս հարթակը՝ հաշվի առնելով մեր նաև տարածաշրջանում Արևմուտքի ներկայությունն ու ԵԱՀԿ Մինսկի համանախագահության գործոնը։

-Բնականաբար, Թուրքիան, Վրաստանը և Իրանը չեն կարող անտարբեր լինել հայ-ադրբեջանական հակամարտության և Լեռնային Ղարաբաղի հարցերի նկատմամբ, որովհետև դա վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։ Հայաստանը պետք է աշխատի այս երկրների հետ երկկողմանի համագործակցության միջոցով։ Բայց ինչու է մեզ համար կարևոր ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկումը, որովհետև այդ խմբում մշակվել և հղկվել են հակամարտության լուծման սկզբունքները, որոնք էական են մեզ համար։ Սուտ կլինի ասել, որ հույսերը շատ մեծ են, որ ԵԱՀԿ-ն նորից աշխատի, բայց միևնույն ժամանակ դրան փոխարինող համարժեք և փոխզսպող ձևաչափ դեռ չկա։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում հիշեցումը, թե Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման բանակցությունները հենց ռուսական հովանու ներքո են մեկնարկել։

-Ռուսաստանը ուզում է շեշտել երկու բան։ Առաջինը, որ ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման միջնորդը ինքն է՝ ևս մեկ անգամ շեշտելով տարածաշրջանում իր գերկարևորությունը․ այն, որ «տարածաշրջանը իմն է», և Արևմուտքը այստեղ որևէ դերակատարում չի կարող ունենալ։ Եվ երկրորդը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը կարող է լինել և լինում է, որովհետև դա Ռուսաստանի ցանկությունն է։ Այսինքն, եթե ուզեմ, չեք խոսի, կուզեմ՝ կխոսեք։ Եվ սրան պետք է նայել այն տեսանկյունից, որ այդ երկխոսության փորձերին Ռուսաստանը միշտ խոչընդոտել է և շարունակելու է խոչընդոտել։ Դրա համար նույնիսկ Հայաստանի ներսում կան քաղաքական ուժեր, այդ թվում՝ իրենց ազգային հռչակող, որոնք պատրաստ են օգնել ՌԴ-ին՝ միշտ փչացնելու հայ-թուրքական երկխոսությունը։ Այսօր էլ առավոտից երեկո մարդկանց ուղեղները լվանում են «եթե ռուսը չլինի, թուրքն ա գալու», «եթե ռուսներից պոկվենք, դառնալու ենք թուրքական վիլայեթ» և նման վախեր ներարկող այլ էշություններով։ Այսինքն, օգտագործում են մարդկանց գենետիկ վախերը անընդհատ կախվածության մեջ պահելու համար։ Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար մեզ միջնորդ պետք չէ։ Դա պետք է լինի կառուցողական երկխոսություն, որը վերաճի դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու և սահմանները բացելու կամքի։ Դժվար է, երբեք հեշտ չի եղել։ Ամեն ինչ կախված է նպատակից և դրա հետևողական իրագործումից։ Խանգարողները շատ են, վտանգավոր են, և մենք նրանց պատճառով մի քանի անգամ կորցրել ենք պատմական պահը, որ չհասնեինք այս օրվան։ Հիմա տեսնենք, թե որն է ավելի ուժեղ՝ պետական և քաղաքական խելամտությու՞նը, թե՞ պսևդոազգային գլխակերությունը։ 

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։