Քաղաքական

Տարածաշրջանում Բրյուսել-Մոսկվա միջնորդական հակամարտություն է. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-ՌԴ-ն, անդրադառնալով ԵՄ-ի դիտորդական առաքելության տեղակայման որոշմանն, արձանագրել է, որ Երևանում նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի՝ տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ-ի արձագանքը, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն Հայաստանի համար։

-Առաջին անգամը չէ, որ պաշտոնական Մոսկվան նման վերագրումներ է անում։ Այստեղ պատասխան կա նաև Եվրախորհրդարանի բանաձևերին և ԵՄ-ին՝ սահմանի հայաստանյան հատված քաղաքացիական առաքելություններ ուղարկելուն, ինչը նշանակում է, որ Երևանը համաձայնություն է տվել այդ առաքելության ժամանմանը, իսկ Բաքուն՝ ոչ։ Ամբողջ խնդիրը միջնորդական հակամարտությունն է։ Մոսկվան առաջադրում է ՀԱՊԿ ուժեր տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ԵՄ-ն կանխում է և քաղաքացիական առաքելություն ուղարկում։ Տարածաշրջանում թեժացող միջնորդական մրցապայքարի համատեքստում պետք է դիտարկել այս հայտարարությունը։

-Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ իր խաղաղապահ զորակազմը կարձագանքի Հայաստանում ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով իրավիճակի՝ «գետնի վրա» զարգացումը։ Սա ինչպե՞ս հասկանալ։

-«Գետնի վրա» ասելով՝ Մոսկվան պարզ հասկացնում է, որ գետնի վրա բացառապես ռուսական խաղաղապահ ուժերն են գործում, և դա ունի լեգիտիմ հիմք։ Խոսքը նոյեմբեր 9-ի հրադադարի պայմանավորվածության կամ եռակողմ համաձայնության մասին է․ ոչ միայն հրադադարի, այլև՝ տարածաշրջանի ապաշրջափակման։ Այդ տարածաշրջանային հանգուցալուծումների իրականացման պայմանագրով ներգրավվել է Ռուսաստանը, ինչի մասին էլ հիշեցնում է «գետնի վրա» ասելով։

-Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն ինչպե՞ս կարձագանքի, ի՞նչ քայլերի կգնա, հնարավո՞ր է իրավիճակն օգտագործելով՝ նոր սրացումների դիմի։

-Ադրբեջանը չի համաձայնվում սահմանի իր հատվածում ԵՄ առաքելության տեղակայմանը։ Վետոյի է ենթարկել Փարիզի միջնորդությունը և դրանով առկախել Բրյուսելի քառակողմի վերագործարկումը։ Աշխատում է նոյեմբերի 9-ի ընտրովի կետերի իրականացման վրա․ հիմա առաջնայինը Նախիջևան-Ադրբեջան Հայաստանի հատվածով կապի գործարկումն է, իրենց ասելով՝ «զանգեզուրյան միջանցքը»։ Շտապում են իրականացնել այն, ինչ պայմանավորվել են ռուսական միջնորդությամբ՝ նախքան այլ ուժերի ներգրավման խորացումը։

-Որքանո՞վ է տեղին ՌԴ այս վրդովմունքը, եթե հաշվի առնենք, որ նրանց խաղաղապահ առաքելության հետ կապված հարցեր կան, և հայկական կողմը խոսել է այդ մասին։

-Առաջին հայացքից պարադոքսալ իրավիճակ է։ Մոսկվան երաշխավոր է, եռակողմի համաձայն, վերահսկել Բերձորի միջանցքով կապը։ Միջանցքի երկարատև փակումը չի բխում Մոսկվայի շահերից, որովհետև դա անպայման կնպաստի Արցախի հայաթափմանը։ Իսկ այնտեղ ժողովրդի մնալը պետք է Մոսկվային՝ խաղաղապահ ուժերի ժամկետը երկարաձգելու առումով։ Լավրովի հայտարարությունը, թե կարծում է, որ միջանցքի հարցը շուտով կլուծվի, չի իրականանում, ինչը ևս հարցականներ է ստեղծում։ Մյուս կողմից, եթե այնպես ընկալենք, որ «բնապահպանների» բուն նպատակը «միջանցք՝ միջանցքի դիմաց» է կամ «ճանապարհային կարգավիճակ՝ ճանապարհային կարգավիճակի դիմաց»՝ թեկուզ անցակետեր նշանակելով, ապա Ռուսաստանի ջանքը չեզոքություն պահպանելու միջնորդական ղեկը ձեռքում պահելն է, որպեսզի քաղաքականորեն ընկալելի կլինի։ Չմոռանանք, որ երկու ճանապարհների անվտանգության վերահսկողությունը պիտի իրականացնեն ռուսական զորքերը։

-Ռուսաստանը պնդում է, որ Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու՝ ԵՄ փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին։ Ձեր կարծիքով՝ դա այդպե՞ս է։

-Կարծում եմ՝ պարզ ասվում է, որ Բրյուսելը չի կարող միջնորդական առաքելություն իրականացնել։ Ըստ Մոսկվայի՝ Բրյուսելի ճիգերը արդյունավետ չեն, քանի որ «գետնի վրա» Ռուսաստանն է հակամարտության մրցավարը։

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։