Քաղաքական

«Դրանով իրենք ինձ չեն վիրավորում». Փաշինյանը՝ իրեն «թուրք» պիտակավորողների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ անդրադարձել է ատելության խոսքին։ Ըստ նրա՝ Հայաստանում պետք է դադարեցնել մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին, վիրավորելու համար որևէ ազգության անվանում օգտագործելը. «Հայաստանում կա այդ բանը, օրինակ, եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, պարզ ձև կա դրա համար՝ ասել «դու թուրք ես»: Որպես մարդ, որը հայտնի հանգամանքների բերումով շատ է արժանացել այդ պիտակավորմանը, ինձ վիրավորելու միտում  ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում ու ընկալում»։ 

Փաշինյանը նշեց, որ նույնը նաև Ադրբեջանում է, երբ որպես ամենավիրավորական արտահայտություն օգտագործում են «հայ» բառը. «Ադրբեջանում էլ կա այդ իրողությունը։ Մեկին վիրավորելու համար նույնիսկ ամենավերջին հայհոյանքը, որ մեր տարածաշրջանում ունեն «մահացու» ազդեցություն, այդքան էֆեկտիվ չեն «գործում», քան երբ մեկին ասես «հայ»»։

Ըստ Փաշինյանի՝ կառավարությունների մակարդակում պետք է ընդունել իրողությունը, ասել, որ դրա հետ հաշտ չենք և չենք ուզում, որ ազգությունների անվանումներն օգտագործվեն որպես վիրավորանք։

Նա ասաց, որ գաղափար կա Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով քննարկումներ սկսել:

«Գաղափարը նոր չէ, բավական հին է, ես միշտ պաշտպանել եմ այն, բայց առաջարկել եմ, որ այդ հարթակն, առաջին հերթին, օգտագործվի միայն ու միայն ատելության խոսքը մեր տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ: Երկրների ղեկավարները պետք է արձանագրեն ու ասեն, որ համաձայն են իրար հետ համագործակցել՝ ատելության խոսքը բացառելու համար»,-ասաց Փաշինյանը: