Քաղաքական

Փակել միջանցքը՝ նշանակում է 3 տարբեր սցենարներով ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը. «Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է։ Փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը՝ նշանակում է 3 տարբեր սցենարներով ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության»,- հայտարարել է նա։ 

Վարչապետը մանրամասնել է այդ երեք սցենարները։ Նրա խոսքով՝ առաջին սցենարը կարող է լինել զուտ հայաթափման սցենար, երբ ԼՂ հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում։ Նա մատնանշել է նաև Հադրութի շրջանը, որտեղ 2020-ի պատերազմից հետո ոչ մի հայ չի ապրում։ 

Հաջորդ սցենարը ինքնության կորուստն է, ինչի վառ ապացույցն է Ադրբեջանի պայքարը ԼՂ տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ։ 

Ըստ Փաշինյանի՝ երրորդ սցենարը բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի նախանշանները տեսել և տեսնում ենք մինչ օրս։

Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանը միջազգային հանրության մոտ ամեն առիթով հայտարարում է, թե պատրաստ է ապահովել ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը. «Բայց միջազգային հարթակներում հնչող այդ նախադասության հասցեատերը կարծես միջազգային հանրությունն է, բայց ոչ՝ առաջին հերթին այն մարդիկ, որոնք այդ նախադասության շահառուն են»։