Քաղաքական

Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի վերջնական տարբերակ. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ մինչև տարեվերջ չի ստորագրվի խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակ։ Փոխարենը՝ նա չի բացառել Ադրբեջանի հետ ևս մեկ հանդիպում. «Հանդիպում այս պահին պլանավորված չէ, բայց ենթադրում եմ՝ մինչև տարեվերջ կունենանք ևս մեկ հանդիպում։ Մենք ակտիվ և կառուցողական ենք այս բանակցություններում։ Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենանք պայմանագրի քիչ, թե շատ վերջնական տարբերակ, թեև այդպես էինք նախապես հայտարարել։ Դա մտադրության մասին հայտարարություն էր, որն ուժի մեջ է՝ հնարավորինս շուտ հասնել խաղաղությանը և համապարփակ կարգավորմանը։ Եթե չհասցնենք մինչև տարեվերջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո»։

Ադրբեջանը հրաժարվել էր դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից՝ պատճառաբանելով, որ դեմ են այնտեղ Ֆրանսիայի նախագահի ներկայությանը։ Միրզոյանը հիշեցրել է, որ հոկտեմբերին Պրահայում տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպում, և ձեռք էր բերվել հաջորդ հանդիպման համար պայմանավորվածություն. «Ենթադրում եմ, որ եթե 4 հոգի պայմանավորվում են հաջորդ հանդիպման համար, ակնհայտ պետք է լինի, որ հաջորդ հանդիպումը նույն 4 հոգու հանդիպման մասին է։ Դրանից հետո Ադրբեջանը հրաժարվում է այս ձևաչափով նոր հանդիպմանը մասնակցելուց։ Սա ապակառուցողական քայլ է։ Բայց այս պահին ղեկավարների հանդիպման նոր պայմանավորվածություն չկա»։