Քաղաքական

Ընդդիմության աշխատաոճը ոչ իրենց է օգուտ, ոչ ԱԺ-ին, ոչ էլ պետությանը

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Բայց երբեմն նրանք ներկա են գտնվում ԱԺ նիստերին, նաև՝ մասնակցում քվեարկություններին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ շատ դժվար է մեկնաբանել նրանց պահվածքը, որովհետև այդ աշխատաոճը ոչ իրենց է օգուտ, ոչ ԱԺ-ին, ոչ էլ պետությանը։ Աղազարյանի խոսքով՝ դա ընդդիմադիրների ընտրությունն է։

Անդրադառնալով ընդդիմության մասնակցությանը ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանի ընտրությանը՝ Հովիկ Աղազարյանը հիշեցրեց՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, հետևաբար, մասնակցել է «Պատիվ ունեմ»-ը։ 

«Ես դա կարող եմ հիմնավորել մի հանգամանքով, որ «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերները ճանաչել են Հայկ Գրիգորյանին, գտել են, որ ճիշտ թեկնածու է և քվեարկել են»,- ասաց Աղազարյանը։

Իսկ թե ինչու են ընդդիմադիրները լիագումար նիստերին մի պահի մասնակցում, հաջորդ պահին լքում դահլիճը, պատգամավորը մեկնաբանեց. «Ընդդիմադիրների շարքերում, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքում, խմորումներ են»։

Աղազարյանը չբացառեց, որ նոր վերադասավորումներ լինեն, հետևաբար ԱԺ նիստերին ցաքուցրիվ մասնակցությունը կարող է նախերգանք լինել, որ վերադասավորումից հետո տվյալ քաղաքական ուժն ընկալի նիստերին մասնակցության կարևորությունը և շարունակի կատարել սահմանադրությամբ նախատեսված գործառույթները։

Հայկ Մագոյան