Քաղաքական

«Ադրբեջանը ոչ միայն ռենտգեն սարքերով, այլև ֆիզիկապես ներկա լինելու խնդիր կարող է դնել». քաղաքագետ

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Սարո Սարոյանն է։

-Արցախի ԱԽ հաղորդագրության մեջ ասվում է, որ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այդտեղ։

-Առաջին հերթին սա մեխանիզմ է, որում պետք է ադրբեջանական կողմը ներկա չգտնվի, բայց տեխնիկական սարքի միջոցով ներկա է լինելու և զուտ տեխնիկական միջոցներով կարողանալու է վերահսկել ելումուտը։ Բայց ավելի ռիսկային է այն, որ սա շարունակություն կարող  է ունենալ, և հետագայում Ադրբեջանը ոչ միայն ռենտգեն սարքերով ներկա գտնվելու խնդիր կարող է դնել, այլև՝ ֆիզիկապես ներկա լինելու։ Եվ եթե ռուսական կողմը նման կարգի երևույթը հանդուրժում է, վաղը, մյուս օրը, հանգիստ կարող է նաև հանդուրժել ադրբեջանցիների ներկայությունը։

-Արդյո՞ք չեն խախտվում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

-Այո, սա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ այդ փաստաթղթում ձևակերպված է, որ Ադրբեջանը ներկայություն չպետք է ունենա։ Եվ տեխնիկական սարքերի միջոցով ներկա գտնվելը նույնպես ներկա լինելու ձև է։ 

-Սկան-ռենտգեն սարքերի տեղադրման վերաբերյալ հայտարարությունը Արցախի ԱԽ գրասենյակն է տարածել։ Ստացվում է՝ Արցախի իշխանությունները դեմ չե՞ն դրանց տեղադրմանը, թե՞ այլ տարբերակ չունեն։

-Սա կապված է այն հանգամանքի հետ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Կրեմլի ենթակայության տակ է գործում։ Եվ ինչպես իրենց ասվել է, ինչպես ցուցանվել է, այնպես էլ վարվում են, և դրանից դուրս որևէ քայլ չեն կարող անել։ Լաչինում տեխնիկական ներկայության ապահովման խնդիրը չէր կարող լինել առանց ռուս-թուրքական համաձայնության։ Եվ պետք է նշեմ, որ այդ համաձայնությունը վաղուց է կայացվել։ Հիմա, որպես ռուս-թուրքական հերթական արար, կյանքի է կոչվում, այնպես, ինչպես վերջին երկու տարվա ընթացքում։ Այդպիսի ռուս-թուրքական համաձայնություններ կյանքի են կոչվել այլ դետալների միջոցով, այլ խնդիրների ու տարածքների հետ կապված։

-Այս համատեքստու՞մ եք դիտարկում ադրբեջանցի մի խումբ բնապահպանների հանդիպումը խաղաղապահ զորախմբի հրամանատար Վոլկովի հետ, ինչպես նաև այն, որ հանդիպումը լուսաբանելու համար նրանց հետ եկած լրագրողները փորձել են քայլելով անցնել խաղաղապահների անցակետն ու գնալ Խոջալու։ 

-Իհարկե։ Ընդհանրապես, ինչ կատարվում է Արցախում, չի կարող տեղի ունենալ առանց ռուսական կողմի համաձայնության։ Կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, իսկ այդ փաստաթղթից դուրս եթե ինչ-որ բան է կատարվում, առանց Կրեմլի համաձայնության չի կարող լինել։

Հայկ Մագոյան