Քաղաքական

Երրորդ երկրի զինված ուժերը գտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում և 15-րդ լիագումար նիստում:

ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական հարթության մեջ ուրվագծվում են քաղաքական իրողություններ, որոնք առաջիկայում նախանշելու են միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխումը, և այս համատեքստում է, որ տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունները պետք է ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն: «Աշխատանքներ են տարվել արտաքին քաղաքական համակարգման և փոխադարձ աջակցության խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների շահերին առնչվող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով կազմակերպության խորհրդարանական համագործակցությանը՝ նա նշել է, որ անհրաժեշտ է համակարգել օրենսդրական աշխատանքը մոդելային ակտերի ընդունման և հարցերի լայն շրջանակի վերաբերյալ առաջարկությունների մշակման միջոցով: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին նիստից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն ավելի է վատացել, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք խաթարում են կայունությունն ու տարածաշրջանային անվտանգությունը: Նա մանրամասնել է սեպտեմբերին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի իրականացրած ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ ագրեսիայի նոր փուլում ադրբեջանցիներն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որոշակի հատվածներ: Նա շեշտել է, որ պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է Ադրբեջանի հետագա ծավալապաշտական նկրտումների մասին:

«Այս բարդ իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր էր ՀԱՊԿ-ում մեր գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը, և հայկական կողմը նախանշել է իր ակնկալիքները, դրանք են՝
1. Կազմակերպության հստակ քաղաքական գնահատականը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացման վերաբերյալ,
2. Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա ընդգծել է, որ այսօր երրորդ երկրի զինված ուժերը գտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, և չգիտի՝ ինչպես կարելի է դա բացատրել կամ ինչպես են տեսնում գործընկերներն այս իրավիճակի շարունակությունը, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով հայեր են զոհվում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, այլ ասվել է, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչից մտահոգված են մեր երկրում: Ծավալուն ելույթում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:

«Այսօր մեր առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ռուս խաղաղապահներից էր պահանջել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները: Ավելին, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար մարդասիրական նշանակության միակ լիարժեք ճանապարհն է»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Եզրափակելով խոսքը՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի ջանքերն ու իրականացված քայլերը գործնականում հաստատում են Հայաստանի հանձնառությունը հակամարտությանն առնչվող բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը: