Քաղաքական

Բանակցությունները դեռ կշարունակվեն ամերիկյան և ռուսական հարթակներում

Radar Armenia-ի զրուցակիցը Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանն է։

-ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ընդգծել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ըստ էության, Ռիքերն այստեղ խոսում է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերին։ Ընդ որում, հայտարարության տեքստի համաձայն, չեն տարբերակվում ամերիկյան, ռուսական կամ եվրոպական հարթակները։ Բայց սա չի նշանակում, որ նման տարբերակում չկա, և այս հայտարարությունն ավելի շատ պրոտոկոլային է, քան բովանդակային։

-Այն, որ Ալիևը չցանկացավ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ֆրանսիայի նախագահի ներկայության պայմաններում, վկայու՞մ է, որ Ալիևն էլ է կողմ ռուսական առաջարկներով բանակցությունները շարունակելուն։

-Սա երեք բանի մասին է խոսում։ Առաջինը, սա պատասխան է Ադրբեջանից Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևին։ Երկրորդ, քառակողմ հանդիպման կայացման պարագայում պետք է եվրոպական քաղաքացիական առաքելության ժամկետների երկարաձգման հարց դրվեր, ինչին դեմ է Ադրբեջանը։ Եվ վերջապես, սա հնարավորություն է Ադրբեջանի համար՝ հավելյալ անգամ ցույց տալու Ռուսաստանին, որ իրենք շատ ավելի նպատակահարմար են համարում ռուսական ֆորմատով աշխատանքը։ Մանավանդ, երբ տեսնում ենք, որ ռուսական ֆորմատով աշխատանքը հատկապես կոմունիկացիաների բացման ուղղությամբ աշխատանքները բավականին ակտիվացրել է։

-Հիմա բանակցությունները ո՞ր հարթակով են շարունակվելու ընթանալ, և, ըստ Ձեզ, ո՞ր հարթակն է Հայաստանի համար ձեռնտու։

-Հայաստանի համար ավելի ձեռնտու է ԱՄՆ-ի հարթակը։ Դեռ երկուսով էլ կշարունակեն ընթանալ բանակցությունները։ Ժամանակը ցույց կտա, թե միջնորդներից ով կցուցաբերի բավականաչափ կամք, համառություն և կարողություններ՝ ռեսուրսներ ներդնելու բանակցությունների համար, որպեսզի իր հարթակը բերի վերջնական փաստաթղթի։

Հայկ Մագոյան