Քաղաքական

Պատգամավորներն Ընտրական օրենսգրքում նոր կարգավորումներ են առաջարկում

Ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: Օրենքում 2021 թ. իրականացված փոփոխությունների համաձայն` Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, որն ուժի մեջ պետք է մտնի 2023 թ. հունվարի 1-ից, փոփոխվել է, ինչի արդյունքում վերը նշված գործառույթներն ապագայում պետք է իրականացնի ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս մասին ասել է պատգամավոր Արփինե Դավոյանը` ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով իր և պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրքե սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Սահմանադրությամբ ընտրական գործընթացի բոլոր փուլերը, այդ թվում` նախընտրական քարոզչության, օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով»,- նշել է Արփինե Դավոյանը: