Քաղաքական

Հայկական կողմը ՀԱՊԿ դաշնակիցներից ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ քաղաքական գնահատական է ակնկալում. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին։

Radar Armenia-ի հետ զրույցում Հունանյանը հայտարարել է. «Հայկական կողմն ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին: Հետևաբար, որոշում կայացվեց փաստաթուղթն ուղարկել լրամշակման:

Ցավոք սրտի, ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ ի աջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին հայտարարության ընդունումը կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, ինչի արդյունքում փաստաթղթերը ուղարկվեցին լրամշակման»: