Քաղաքական

Սեյրան Օհանյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ մանդատները վայր դնելու մասին

Վերջին շրջանում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը պատրաստվում են վայր դնել մանդատը։ Այս շարքում նշվում է նաև ԱԺ նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի անունը։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ խմբակցությունում Իշխան Սաղաթելյանի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել, և ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում։

«Մեր խմբակցությունում մանդատների հետ կապված քննարկումներ չեն եղել. դրանք շահարկումներ են։ Մանդատների հետ կապված հարցը մեզ մոտ ոչ թե քաղաքական, այլ անձնական բնույթ է կրում, այնպես, ինչպես, օրինակ, մեկ-երկու հոգի մինչև հիմա իրենց մանդատներն այս կամ այն պատճառով վայր են դրել, բայց մնացել են մեր թիմի մեջ»,- այսպես մեկնաբանեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով. «Ներխմբակցային բազմակարծությունը ինձ և մյուս պատգամավորների համար ընդունելի է։ Ես հարգում եմ մեր բոլոր պատգամավորների տեսակետները, բայց, միևնույն ժամանակ, երբ քննարկված հարցերի շրջանակներում վերջնական որոշում է ընդունվում, դա մեզ համար օրենք է: Մենք պահպանել ենք մեր միասնականությունը ԱԺ-ում աշխատելու ողջ ընթացքում, դիմադրության ժամանակ, նաև՝ այսօր»:

Օհանյանի պնդմամբ՝ խմբակցությունում այդպիսի հարցեր չեն քննարկվում, բայց եթե քննարկվեն, և պետք լինի, որ հանրությունը իմանա, դրա մասին կտեղեկացնեն։

Անդրադառնալով «Հայաստան դաշինքի» պառակտման, կազմալուծման մասին լուրերին՝ խմբակցության ղեկավարը դրանք շահարկում որակեց։ «Ես հիմա աշխատում եմ խմբակցությունում և վերջինիս միասնության համար եմ պատասխանատու։ Իհարկե, մեր խմբակցությունը բաղկացած է մի քանի ուժերից՝ ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան», և այն մարդկանցից, ովքեր ՀՀ երկրորդ նախագահի թիմից են, բայց մեր հիմնական դաշինքի առաջնորդը, ղեկավարը ՀՀ երկրորդ նախագահն է։ Մնացածը շահարկումներ են»,- ասաց նա։ Ըստ Օհանյանի՝ ակնհայտ ու տրամաբանական է, որ ցանկանում են արմատական ընդդիմադիր ֆրակցիայի մեջ պառակտում մտցնել, բայց ինչքան փորձում են հարվածել, իրենք այնքան ամրապնդվում են։

Հայկ Մագոյան