Քաղաքական

Ինչո՞ւ է Ֆրանսիան հրաժարվել արտահանձնել Սուրիկ Խաչատրյանին

Ֆրանսիան հրաժարվել է Հայաստանին արտահանձնել քրեական գործով հետախուզվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային։

ՀՀ գլխավոր դատախազությունից Radar Armenia-ի հետ զրույցում մանրամասներ են հայտնել տեղի ունեցածից. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով 2019 թվականի նոյեմբերի 19-ին Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Ս. Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայում, որի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջնորդության է ներկայացվել նրան հանձնելու վերաբերյալ։

Այս կապակցությամբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունում 28.10.22թ. ստացվել է գրություն այն մասին, որ 29.06.2022թ. կայացրած որոշման համաձայն՝ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել շահագրգիռ անձին արտահանձնելու դիմումի վերաբերյալ՝ նկատի ունենալով 1957թ. Արտահանձնման եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից արված վերապահումը»:

Հայկ Մագոյան