Քաղաքական

Հայաստանի հետաքրքիր հյուրը Շվեյցարիայից

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանում է և վարչապետի ու ԱԽ քարտուղարի հետ հանդիպումներ է ունենում Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյը: Դա բավականին ուշագրավ է ոչ միայն այն պատճառով, որ Կալմին-Ռեհյը նախկին նախագահ է։ Հարց է առաջանում, թե նա ինչու պետք է ժամանի ու քննարկումներ ունենա ռեգիոնալ իրողությունների վերաբերյալ: Կալմի-Ռեհյը Շվեյցարիայի նախկին նախագահ չէ միայն: Ավելին, նրա այդ կարգավիճակը չէ էականը, այլ մեկ այլ նախկին կարգավիճակ: Նա նախագահ է եղել «ռոտացիոն սկզբունքի բերումով՝ մեկական տարի, 2007 և 2011 թվականներին: Իսկ ահա 2003-2011 թվականներին եղել է Շվեյցարիայի արտգործնախարար:
Այսինքն, նա եղել է արտգործնախարար մի շրջափուլում, երբ Շվեյցարիան իրականացնում էր հայ-թուրքական կարգավորման գործընթացի միջնորդություն: Հետևաբար, պատկերացնելի է դառնում նրա այցի «նուրբ հետագիծը»: Սակայն, թերևս, այն չի սահմանափակվում դրանով: Միշելին Կալմի-Ռեհյը, դատելով նրա նախարարական գործունեությունից, եղել է Իրանի հետ հարաբերության կողմնակից, 2008  թվականին եղել է Իրանում, քննարկել Շվեյցարիա իրանական գազի մատակարարումների հարցն ու քննադատվել Շվեյցարիայի ազատական շրջանակների կողմից:
Կալմի-Ռեհյը 2012 թվականին ստացել է Հայաստանի պատվո շքանշան, իսկ 2014-ին, ինչը ևս արժանի է ուշադրության, բարեկամության շքանշան է ստացել Ռուսաստանից:
Թերևս հատկանշական է նաև հանգամանքը, որ նա Երևան է այցելում Ֆրանսիայի սենատում ընդունված բանաձևին զուգահեռ և ֆրանկոֆոնիայի վեհաժողովի շրջանակում Փաշինյան-Մակրոն հանդիպումից առաջ»: