Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Рус Eng

«Ռուսական տիրապետությունն ավելի լավ է թուրքականից» կոմպրոմիսը հարվածի տակ է դնում հայկական ինքնիշխանության կոնցեպտը

Քաղաքական

16 Նոյեմբերի, 23:09

«Ռուսական տիրապետությունն ավելի լավ է թուրքականից» կոմպրոմիսը հարվածի տակ է դնում հայկական ինքնիշխանության կոնցեպտը։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ 

- Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Սոչիում Փաշինյան-Ալիև ձևաչափով կայացած հանդիպումը, ըստ էության, բացահայտեց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի վարած քաղաքականության անարդյունավետությունը։ Նոյեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո կրկին օրակարգ է բերվել հարաբերությունների կարգավորման ռուսական և վաշինգտոնյան տարբերակների թեման։ Կարգավորման առաջարկների և հեռանկարների մասին ի՞նչ կասեք։

- Համոզված եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակ գոյություն չունի։ Սեղանի վրա կա պայմանագրի ռուսական տարբերակ, որը, եթե չեմ սխալվում, 15 կետից է բաղկացած, և կա մեկ այլ փաստաթուղթ, որը բոլորիս հայտնի խաղաղության պայմանագրի հինգ կետից բաղկացած ադրբեջանական տարբերակն է, որին ի պատասխան՝ Երևանն առաջարկել է ավելացնել արցախցիների իրավունքներին և անվտանգությանը վերաբերող վեցերորդ կետը։ Իմ տեղեկություններով՝ Վաշինգտոնը փորձում է այդ կետի շուրջ կողմերի դիրքորոշումները մոտարկել։ 

Չգիտեմ ինչու են որոշ շրջանակներ, այդ թվում՝ իշխանական, այդքան խանդավառ հնարավոր պայմանագրի ռուսական տարբերակից։ Որևէ մեկը չի էլ կասկածում, թե ինչպես է տեսնում Ռուսաստանն Արցախի հարցի կարգավորումը։ Պուտինը քանիցս հայտարարել է շատ կոնկրետ, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ 

Պուտինի և նրա վարչակազմի անթաքույց, չսքողված համակարգմամբ ու համագործակցությամբ է, որ 44-օրյա պատերազմում ոչ միայն հայկական վերհսկողությունն է կորել Արցախի, Շուշիի և Հադրութի նկատմամբ, այլ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ և թողտվությամբ, Թուրքիայի և վարձու ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ տեղի են ունեցել էթնիկ զտումներ այն տարածքներում, որտեղ հայկական բնակչություն կար՝ ներառյալ Քարվաճառի, Հադրութի, Շուշիի և այլ բնակավայրերի։ 

Այսքանից հետո անթույլատրելի է ունենալ պատրանքներ, թե Ռուսաստանն ունի կարգավորման՝ հայության համար նախընտրելի տարբերակ։ Ռուսներն ակնհայտորեն քարոզչական հնարք են օգտագործում հայ հասարակության շրջանում պռոռուսական տրամադրություններ առաջ բերելու համար, որոնք, ինչպես հայտնի է, հօդս էին ցնդել, երբ հայկական իրականությունը բախվել էր արցախյան կարգավորման հարցում Ռուսաստանի դերի հետ։ 

Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված է Արցախում, Հայաստանի և Արցախի, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից իր տարածքը համարվող բնակավայրերում ռազմական ներկայության երկարաձգմամբ։ Սա Ռուսաստանի երկարաժամկետ նպատակն է, որը կարող է դառնալ Գյուլիստան-2։ Մենք հետևում ենք, որ Արցախի քաղաքական վերնախավը Ռուսաստանի կազմում գտնվելն ավելի է նախընտրում Ադրբեջանի կազմում գտնվելուց։ Սա իրականություն է և պետք սրա հետ հաշվի նստել։ Այսինքն, եթե այս խնդիրը քննարկում ենք ավելի լայն տարածաշրջանային համատեքստում և փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին կլինի նման զարգացումների ազդեցությունը Հայաստանի վրա, ապա կասկած չի մնում, որ եթե Հայաստանը շարունակի տուրք տալ նման շահարկումներին և Ռուսաստանի կողմից նման մանիպուլյատիվ քաղաքականության ալիքներին ու ակնկալիքներին, ապա Հայաստանը նույնպես կհայտնվի մի իրավիճակում, երբ Գյուլիստանի պայմանագրից հետո անհրաժեշտ կլինի Թուրքմենչայի պայմանագիր։ 

- Ստեղծված իրավիճակում Դուք անձնապես ի՞նչ այլընտրանքներ եք տեսնում Արցախի ապագայի համար։

- Իմ համոզմամբ՝ ազատությունը չի լինում որևէ մեծ երկրի մասը կազմելով, սա կեղծ ազատություն և կեղծ օրակարգ է, որը սպասարկում է Հայաստանի շահերին տրամագծորեն հակառակ շահեր։ 

Տեղական հորիզոնով եթե փորձենք նայել խնդիրը՝ արցախցիների համար Ռուսաստանի կազմում հայտնվելը, թերևս, ավելի նախընտրելի տարբերակ է, քան ադրբեջանական տիրապետության տակ գտնվելը։ Հայկական շահերի համար այսպիսի հեռանկարը նույնքան կործանարար է, որքան Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում։ Եթե ազատության և Հայաստանի երկարաժամկետ շահերի մասին ենք խոսում, պետք է թույլ չտալ Արցախում նման ռազմաքաղաքական տրամադրությունների արմատավորումը և խորացումը։ Մենք հասկանում ենք, որ Արցախում կան հասարակական խորը տրամադրություններ Ռուսաստանի նկատմամբ, Մոսկվայի նկատմամբ ավելի բարեհաճ վերաբերմունք, և եթե Արցախի ժողովուրդը ցանկանում և հանդուրժում է իր նկատմամբ նման քաղաքական կուրս, ապա Հայաստանը լավագույնը, որ կարող է անել, պետք է ապահովի մայր Հայաստանի համար բարենպաստ և հայակենտրոն, հայաստանաձիգ ռազմավարական կուրս, որը, թերևս, կարող է բախման մեջ մտնել Արցախը Ռուսաստանի մեջ մտնելու գաղափարի հետ։ 

Հայաստանը պետք է կարողանա կատարել ռազմավարական քայլ, կտրվել ռուսական ճահճից, եթե անգամ Արցախը որոշի և փորձի հայտնվել Ռուսաստանի կազմի մեջ, քանի որ Հայաստանին իր հետ տանելով Ռուսաստան՝ մենք կորցնում ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։ Այդպես Արցախ չեն պահում։ 

Ցավոք, Արցախում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ Հայաստանն այսօր այլևս ընդունակ չէ տեր կանգնել Արցախի ժողովրդի հանդեպ իր հիմնարար և պատասխանատվության տակ գտնվող խնդիրներին։ Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չի կարող դա անել։ Սա, իմ համոզմամբ, Հայաստանի գործող իշխանության կամքից և կարողությունից կախված հարց է։ Հայաստանին անհրաժեշտ են տևական երկարաժամկետ ռազմավարության շրջանակում մտածված և արագ իրականացվող միջոցառումներ, որոնք Հայաստանին օր-օրի կմոտեցնեն Արցախի նկատմամբ հայկական հանձնառության ողջ շրջանակով այս խնդիրներին տեր կանգնելու կարողությանը։ Եթե մենք մեկ տարի առաջ այս ճշմարտությունները հասկացած լինեինք, այսօր կունենայինք շատ ավելի մեծ կարողություն։ Եթե սա մենք այսօր չգիտակցենք, 2-3 տարի հետո կլինենք նույն կետում, որտեղ իրադարձությունները զարգանում են ավելի արագ, որի հետևից չենք էլ հասցնում։ 

Դրա համար, կարծում եմ, պետք է կարողանալ հոգեբանորեն մերժել և ժխտել այն մոտեցումը, թե Ռուսաստանի կազմ մտնելն ավելի լավ է, քան Ադրբեջանի կազմում հայտնվելը։ «Ռուսական տիրապետությունն ավելի լավ է թուրքական տիրապետությունից» կործանարար կոմպրոմիսը հարվածի տակ է դնում հայկական ինքնիշխանության կոնցեպտը։ Մենք չպետք է դա ընդունենք, ու Արցախի Ադրբեջանի կազմում լինելը նույնպես չպետք է ընդունենք։ Մենք պետք է կարողանանք տեր կանգնել մեր իրավունքներին, և այդ իրավունքները կրող մարդկանց, որոնք այսօր հայտնվել են գոյաբանական շատ ծանր վիճակում։ 

Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Հայաստանի պաշտպանական կարողություններն ամենաժամանակակից զարգացած տեխնոլոգիաների հիման վրա ռադիկալ կերպով բարձրացնելու ուղղությամբ, որոնք Հայաստանին թույլ կտան հակառակորդի նկատմամբ տարածաշրջանում հասնել ռազմաքաղաքական գերակայության, իսկ հնարավոր գործընկերների հետ լայն շրջանային համագործակցության պարագայում ունենալ դաշնակցային հարաբերությունների այնպիսի ցանց, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր և Արցախի անվտանգությունը։ Այս առումով ևս գտնվում ենք շատ թույլ բանակցային կետում, որպեսզի կառուցողական բանակցություններ վարենք և ակնկալենք Հայաստանի կամ Արցախի հայության համար նպաստավոր ելք և, ըստ իս, տակտիկական առումով ճիշտ կլիներ այս բանակցություններում չշտապել, բանակցությունների գնալ որևէ խաղաղ կարգավորման պայմանով, եթե դրա փոխարեն թույլ չտրվի Արցախի ընթացքը դեպի ռուսական ուղեծիր։ 

- Որտե՞ղ եք տեսնում Հայաստանի հիմնարար ձախողումը։

- Ես տեսնում եմ իրականություն, որտեղ Հայաստանի ներկայիս պետական համակարգը չի կարողանում ամբողջությամբ հետամուտ լինել և ձևակերպել Հայաստանի առաջ կանգնած ռազմավարական, ռազմատեխնիկական, տնտեսական և ենթակառուցվածքային այն համալիր խնդիրներին, որոնք կենսական կարևորություն են ներկայացնում։ Այս ուղղությամբ որևէ խնդիր ոչ միայն չի լուծվել, այլև ձևակերպում չի ստացել։ Հայաստանը մինչ օրս խարխափում է, չի կարողանում ձևակերպել, թե ինչպիսին է տենում Արցախի կարգավիճակը, ինչպիսին է տեսնում իր զինված ուժերի, իր արդի տեխնոլոգիական զարգացումը, ինչպիսին է տեսնում տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացումը և իր դերն այդ ենթակառուցվածքների մեջ։ Առավելագույնը, որ տեսնում է, Ռուսաստանի նախաձեռնություններին կամ ասպարեզ նետված գաղափարներին աջակցելն է։ 

Մենք դա տեսնում ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում նաև՝ Հայաստանի կողմից տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, սակայն, որևէ մեկը չի հարցնում՝ սրանք ոչ թե Հայաստանի կողմից առաջադրված սկզբունքներ ու նպատակներ են, այլ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի։ 

- Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, թերևս, քանիցս հնչեցվել է՝ աշխարհաքաղաքական վերակողմնորոշում չի լինելու։ Դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք անել։

- Հայաստանի իշխանությունը չունի ռազմավարական արդիականացման քաղաքականություն, ծրագիր, քանի որ մեզ միշտ թվացել է, որ Հայաստանի առջև կանգնած երկու՝ թուրքական և ադրբեջանական ռազմավարական սպառնալիքները Հայաստանը լավագույնս կարող է լուծել Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակում։ 

Եղել է արատավոր, աղճատված պատկերացում այն մասին, որ Ռուսաստանի հետ աշխատելիս պետք չէ մտածել ռազմական մեքենայի, բանակի արդիականացման մասին։ Որևէ նախաձեռնություն, եթե դա Ռուսաստանից չի եկել, մերժվել է, որովհետև դա կարող է ռուսների մոտ դժգոհություն առաջացնել  և ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում Ռուսաստանը հաշվեհարդար կտեսնի Հայաստանի հետ կամ պրոքսի ձևով Ադբեջանին կուղղի Հայաստանի դեմ ռազմական պրովակացիայի։ 

Ռուսաստանին ոչ մի դեպքում չնեղացնելու, չգրգռելու այս մղումը` համադրվելով Ռուսաստանի, հայ-ռուսական հարաբերությունների ներուժի նկատմամբ չարդարացված հավատի հետ, Հայաստանը պարզապես քայլ չի արել իր սեփական կարողություններն ամրապնդելու համար։ Եվ սա ամենաանթույլատրելին և աններելին է։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան