Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022

USD395.53

EUR409.62

RUB5.98

Երևան 2 ℃

Рус Eng

«Խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարն ավելի մշուշոտ է դառնում». Սուրենյանց

Քաղաքական

15 Նոյեմբերի, 20:21

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, թե Ադրբեջանը նախապատրաստում է արցախահայության ցեղասպանություն։ Արդյո՞ք այս և նման հայտարարությունները հուշում են, որ խաղաղության պայմանագրի կնքումը փակուղի է մտնում։

- Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ ոչ միայն Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը նույնպես, թվիթերյան հարթակում բավականին օպերատիվ և օբյեկտիվորեն ներկայացնում են մի իրավիճակ, թե ում և ինչ պատճառով չի կնքվելու խաղաղության պայմանագիրը։ Սա երկու նպատակ կարող է ունենալ։ Մի կողմից` հասարակությանը նախապատրաստել հնարավոր էսկալացիայի, մյուս կողմից` միջնորդ աշխարհաքաղաքական կենտրոններին ստիպել, որպեսզի որոշակի սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի հանդեպ։ Բայց մենք տեսնում ենք, որ հռետորաբանության կոշտացումը միայն Երևանին բնորոշ չէ։ Եթե հետևենք Ադրբեջանի իշխանության խոսույթին, նրանց իշխանամերձ մամուլի խոսույթին՝ նույն բանն իրենց մոտ է կատարվում։ Տպավորություն է, որ երկուստեք հռետորաբանության կոշտացում է, և, բնականաբար, այս իրավիճակում խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը ավելի մշուշոտ է դառնում։

- Վերջերս կրկին խոսվում է նոր էսկալացիայի մասին, նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում ահազանգեց նման վտանգի մասին։ Դուք նման նախադրյալներ տեսնու՞մ եք։

- Էսկալացիայի վտանգ միշտ կա, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, քանի դեռ չկան միջազգային երաշխիքներ, որ այդ խաղաղության պայմանագիրը կգործի։ Քանի այդ երկու հանգամանքները չկան, էսկալացիայի հնարավորություն միշտ կա, մանավանդ, որ Ադրբեջանը սողացող պատերազմի մարտավորությամբ իր բանակցային դիրքերն ուժեղացնում է։ Դրա համար էլ սողացող պատերազմի մարտավարություն է կիրառում Ադրբեջանը։ Բնականաբար, առանց միջազգային երաշխիքներով ամրապնդված խաղաղության պայմանագրի, էսկալացիայի վտանգը միշտ կա։

- Իսկ ինչպե՞ս հասկանանք, որ և արևմտյան, և ռուսական միջնորդությամբ հանդիպումներում խոսվում է ուժի կիրառումից զերծ մնալու, նման հռետորաբանությունը բացառելու մասին, բայց և Ադրբեջանից սպառնալիքներ են հնչում։

- Դրա վրա զարմանալ պետք չէ։ Այս հարցն, ըստ էութան, ձեր նախորդ հարցի շարունակությունն է։ Ադրբեջանը, որպես վերջին պատերազմում հաղթած երկիր, փորձում է հնարավորինս մեծ դիվիդենտներ ստանալ այդ հաղթանակից։ Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ նրա դիրքերն ուժեղ են։ Հայաստանը պետք է ձգտի նվազ կորուստներով խաղաղության պայմանագրի ստորագրմանը, քանի որ կողմերի օրակարգերը միանգամայն տարբեր են։ Բացի այդ, տարածաշրջանային միջնորդների միջև էլ մրցակցություն կա, և այս ամենը էսկալացիայի աճին նպաստում է՝ անկախ նրանից, թե Ադրբեջանը աշխարհի որ մայրաքաղաքում ինչ պարտավորություն կստանձնի։

- Խաղաղության պայմանագրի կնքնման համատեքստում կրկին առաջ է եկել ԼՂ հարցը, թեպետ մինչ այդ նշվում էր, որ դրանք կարող են իրարից առանձին քննարկման հարցեր լինել։ Սա ինչո՞վ է պայմանավորված։

- Հայաստանի իշխանությունների հայտարարությունները այնքան հակասական են, որ իսկապես կարող են կորցնել լրջությունը։ Երեկ, երբ վարչապետն ընդունում էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Խովաևին, և ասում էր, որ պաշտոնական Երևանը կողմ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական տարբերակին, կամ որ նույն է՝ փուլային  տարբերականին, նույն պահին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տալիս, որտեղ խոսում է այն մասին, որ Երևանը կողմ է համապարփակ լուծմանը, որը նույն բանն է, ինչ փաթեթային տարբերակը։ Սա հակամարտության կարգավորման տրամագծորեն տարբեր մեթոդոլոգիա է։ Օրինակ՝ փուլային տարբերակում բոլոր հարցերը քննարկվում են, և ԼՂ հարցը սառեցվում է։ Սա այն է, ինչ առաջարկում են ռուսները, իսկ հարաբերությունների կարգավորման փաթեթային տարբերակի դեպքում՝ այն, ինչ առաջարկում է Արևմուտքը, ենթադրում է բոլոր հարցերի, այդ թվում` ԼՂ կարգավիճակի հարցի  համաժամանակյա քննարկում։ Իհարկե, տարակուսելի է, զարմանալի է, բայց ես ցավով մի քանի անգամ արձանագրել եմ՝ Հայաստանի իշխանությունը չունի հարաբերությունների կարգավորման իր օրակարգը, և դրա հետևանքով մենք կոնտրաստային հայտարարություններ ենք լսում իշխանության ներկայացուցիչներից, նույնիսկ նույն պաշտոնյայի տարբեր հայտարարություններում է այդպես։

Հայկ Մագոյան

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան