Քաղաքական

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ԱԽ քարտուղարը խոսել է ադրբեջանական ԶՈւ իրականացրած հանցագործությունների մասին

ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:

ԱԽ քարտուղարը հանդիպմանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից, որպեսզի անհապաղ դուրս բերվեն զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում նաև խոսել է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել:

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարմանը, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքներին և պատասխանել ներկաների հարցերին: