Քաղաքական

Մարոլայն դե Յոնգը և Միս Բոսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ զեկույց կներկայացնեն Հոլանդիայի խորհրդարան և ԱԳՆ

Հայաստանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ սեպտեմբերի 28-ին Հաագայի նախկին փոխքաղաքապետ Մարոլայն դե Յոնգի և հոլանդական D66 կուսակցության միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ Միս Բոսի հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր սահմանամերձ շրջաններում բնակիչներն ունեն ամենատարրական՝ կյանքի և խաղաղ ապրելու իրավունքի խնդիր»,- ասել է Թագուհի Թովմասյանը: Պատգամավորը նշել է, որ այդ հատվածներում խաթարված է բնականոն կյանքը, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները. անվտանգության նկատառումներից ելնելով՝ երեխաները տեղափոխվել են այլ բնակավայրեր:

Հանդիպմանը Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին և ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը: Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ նա պատվիրակներին տեղեկացրել է, որ կան անհետ կորածներ, որոնց որոնումն Ադրբեջանն արգելել է, և մինչ օրս Ադրբեջանում պահվող գերեվարված անձինք:

Թագուհի Թովմասյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործառույթները, անդրադարձել է, մասնավորապես, կանանց իրավունքների պաշտպանության հարցերին, մեդիաոլորտի խնդիրներին:

Հանդիպման ավարտին Մարոլայն դե Յոնգը և Միս Բոսն ընդգծել են, որ Հայաստանից մեկնելուց հետո նշված փաստերի հիման վրա կպատրաստեն զեկույց, որը կներկայացվի Հոլանդիայի խորհրդարան և Արտաքին գործերի նախարարություն: