Քաղաքական

«Դժվարագույն այս իրավիճակում միասնությունն առաջնային նշանակություն ունի». Արթուր Հովհաննիսյան

Radar Armenia-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է։

-Երեկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ասաց, որ Հայաստանի ու ԼՂ նախկին նախագահների հանդիպման ժամանակ հանդես է եկել իշխանություն-ընդդիմություն երկխոսության առաջարկով՝ առկա իրավիճակից հնարավոր քիչ կորուստներով ելք գտնելու համար։ Ինչպե՞ս եք վերաբերում առաջին նախագահի այս առաջարկին։

-Հայաստանի համար դժվարագույն այս իրավիճակում միասնությունն առաջնային նշանակություն ունի, չեմ կարող բացասաբար վերաբերել Հայաստանի պետական շահերի շուրջ համախմբվելու որևէ կոչի։ Բայց մենք երբեմն այնքան ենք տարվում հարյուր տոկոսով միասնական լինելու գաղափարով, որ չենք ֆիքսում, թե որքան միասնական ենք հենց հիմա։ Չէ՞ որ երբեք անխտիր բոլորը նույն կերպ չեն մտածել ու չեն մտածելու։ 

-Նա նշեց, որ նախապես էր հայտարարությունը պատրաստել, որը պետք է տարածվեր հանդիպումից հետո, սակայն հայտարարությունն այդպես էլ չի հրապարակվել, քանի որ հանդիպման մասնակիցները համաձայնության չեն եկել: Ինչո՞ւ չեն համաձայնվել այդ առաջարկին։

-Նշված հանդիպմանը մասնակցող նախկին նախագահներից առնվազն երկուսը հեղափոխության առաջին իսկ օրվանից խոսում են հեղաշրջում կազմակերպելու մասին, նրանք իրենց խոսույթում ու գործողություններում մինչ այսօր ոչ միայն որևէ բան չեն փոխել, այլև ավելի բացահայտ են սկսել գործել։ Ձեր հարցի պատասխանը ամփոփված է վերը նշվածի մեջ։

-Այնուամենայնիվ, նման երկխոսության շանս տեսնու՞մ եք, թե՞ ոչ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ, հնարավոր է, նախկին նախագահները կրկին կհանդիպեն։

-Երկխոսության հնարավորություն տեսնում եմ ցանկացած ուժի հետ, որոնց նպատակը պետական շահի սպասարկումն է, բայց ոչ երբեք նրանց հետ, ովքեր սպասարկում են այլ երկրների օրակարգեր և նպատակ են հետապնդում երկրում հեղաշրջում իրականացնել։

Հայկ Մագոյան