Քաղաքական

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում ԵԽ պատրաստած «Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույցը» ներկայացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մեդիադաշտի բարեփոխումները և ԶԼՄ-ների ազատությունը ժողովրդավարական երկրի հիմնասյուներից են: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի բոլոր ծրագրերն օգտակար փորձառություն են ցանկացած երկրի համար, այդ թվում՝ մեդիագրագիտության ոլորտում:

Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց, որը վերլուծում է ներպետական օրենսդրական դաշտը՝ ներառյալ ԶԼՄ-ների ազատությունը, խոսքի ազատությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, մեդիագրագիտության հետ կապված հարցերը և դրանց համապատասխանեցումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Նրա խոսքով՝ կարիքների գնահատման զեկույցի արդյունքներն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի աջակցությունը համապատասխան ոլորտում կներկայացվի պանելային քննարկման ձևաչափով:

ԵԽ պատվիրակության անդամներին մասնավորապես հետաքրքրել է մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, կարևորելով մեդիագրագիտության ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տեղեկացրել է, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված են ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացման, ինչպես նաև մեդիագրագիտության վերաբերյալ ուսումնական նյութեր:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: