Քաղաքական

Տարածաշրջանը եռում է, և աշխարհաքաղաքական գլխավոր ուժերը ներգրավվել են այնտեղ

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

-Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է, ՌԴ-նախագահը հայտարարել է նոր զորահավաք անցկացնելու մասին։ Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը և այս համատեքստում ՌԴ դիրքերը հակամարտության մեջ։ Արդյո՞ք սա նշանակում է՝ ՌԴ-ն պատերազմի դաշտում խնդիրներ ունի։

-ՌԴ նախագահի հայտարարած զորահավաքը, կարծում եմ, սերտորեն զուգորդված է 4 շրջաններում հանրաքվե անցկացնելու որոշմանը։ Այստեղ կոնկրետ գործողություններ են սպասվում, որովհետև ժամկետներ են ճշտվել հանրաքվեի անցկացման համար։ Այս որոշումներից առաջ կար որոշակի տեղեկատվություն ուկրաինական առաջխաղացի և ռուսական նահանջի մասին։ Միջազգային ընտանիքի կիրառած պատժամիջոցային և մեկուսացման քաղաքականությունը, Ուկրաինային շնորհվող ռազմական օգնությունն ու ֆինանսական աջակցությունները, գումարած՝ ռազմական գործողությունների վերջին իրադարձությունները Մոսկվային հանգեցրել են զորահավաքի և դրան զուգորդված հանրաքվեների անցկացման որոշումներին։ Երկկողմանիորեն գնում են էսկալացիայի առաստաղի բարձրացման ուղով։

-Կխնդրեի ասել՝ ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանում։ 

-Տարածաշրջանը եռում է, և աշխարհաքաղաքական գլխավոր ուժեր են ներգրավվել այնտեղ։ ՄԵծ հաշվով՝ Վաշինգտոն-Մոսկվա բևեռների մարտադաշտ է. ավելի ճիշտ՝ ռուսական տիրույթներում ամերիկյան թափանցման միտումներ։ Թեժ կետերն են Ուկրաինան և Հարավային Կովկասը։ Արբանյակային ցանցային դրվածքը խախտել է հավասարակշռությունը։ Մի կողմից Վաշինգտոնն է, որին հաջողվել է ներգրավել միջազգային հանրությունը, մյուս կողմից՝ Մոսկվան, որին Անկարան ոչ միանշանակ աջակցություն է ցուցաբերում։ Հարավային Կովկասում և, հատկապես, Արցախ-Ադրբեջան և Հայաստան-Ադրբեջան հակամարտություններում շատ ավելի տեսանելի է ռուս-թուրքական համակարգումը, քան՝ Ուկրաինայի պատերազմում։ Այնտեղ Անկարան մի կողմից դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն ու պաշտպանում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ չի միանում միջազգային ընտանիքի ճշտորոշած պատժամիջոցներին. արանքում՝ միջնորդի դեր է վերցնում, հրադադարի հաստատման կամ հացահատիկի համաշխարհային տագնապի լուծման առումով։ Խորքում պատերազմ է հայտարարվել ռուսական տիրույթներում ազդեցության գոտիների վերաձևավորման նպատակով։

-Թեև ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ Ադրբեջանին հասցեական մեղադրեցին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման մեջ, բայց Ալիևը շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել։ Ի՞նչ եք կարծում՝ միջազգային հանրության գնահատականը իսկապե՞ս չի անհանգստացնում Ալիևին։ Արդյոք Ադրբեջանի հռետորաբանության մեջ դեր ունի նաև ՌԴ վիճակը պատերազմի դաշտում։

-Հասցեական հայտարարությունները անհրաժեշտ է դասակարգել։ Ամենահասցեականն ու ամենամեղադրականը Կիպրոսի ԱԳՆ հայտարարություններ էր՝ հասկանալի պատճառներով։

Նույնը չէր բնական մյուս դաշնակցի՝ Հունաստանի դեպքում, որտեղ, ադրբեջանական էներգիայի հետ գործարքային պատճառներով, չկար հասցեականություն։

Հասցեականություն կար Լիբանանի ԱԳՆ հայտարարությունում, որտեղ խոսվում էր հայաստանյան տարածքների վրա արված սպանությունների և քանդումների մասին՝ պարզ դարձնելով ագրեսորի դիմագիծը։

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայտարարությունները նման  են իրար։ Նման բովանդակությամբ հանդես են եկել նաև Հնդկաստանը, Ֆինլանդիան։

Հայտարարությունները ուսումնասիրելիս պիտի նկատել ազդեցիկ այն պետությունները, որոնց շահերից է բխում թուրք-ադրբեջանական դաշինքի առաջադրանքների չկատարումը, և որոնց դիրքորոշումները կարող են ճնշել Բաքվին՝ ադրբեջանական ԶՈՒ-ն ելման կետեր վերադարձնելու պահանջներով։

Այս հայտարարությունների իմաստավորման ամենակոնկրետ կետը կլինի այն, որ ադրբեջանական ԶՈՒ-ն հեռանա Հայաստանի տարածքներից։ Դրա համար անհրաժեշտ է ինտենսիվացնել հայկական դիվանագիտությունն ու լոբբիստական աշխատանքները։

Հայկ Մագոյան