Քաղաքական

Ռուսաստանը փորձում է բարձրացնել խաղադրույքները

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։

-ՌԴ-ում սեպտեմբերի 21-ից սկսվել է մասնակի զորահավաք։ Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ՌԴ վիճակը պատերազմի դաշտում վատ է։

-Անցկացվող զորահավաքը, այո, նշանակում է, որ Ռուսաստանի վիճակը պատերազմի դաշտում այնքան էլ լավ չէ։ Ռուսաստանը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ ոչ առաջին փուլում, երբ պատրաստվում էր գրավել Կիևը, ոչ էլ երկրորդում՝ երբ պատրաստվում էր գրավել Դոնեցկի և Լուգանսկի մարզերը։ Ռուսաստանը փորձում է բարձրացնել խաղադրույքները և փորձում է 300 հազար մարդ զորակոչելով՝ ավելի մեծ ուժերով առաջ գնալ Ուկրաինայում։ Կարծում եմ՝ հիմնական նպատակ ունենալով հասնել ժամանակավոր հրադադարի և կանգնել այն դիրքերում, որը կարող է մինչ այդ լինել։

-Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե որքան երկար է պատերազմը շարունակվում, այնքան ավելի դժվար է լուծում գտնելը։ Տեսնու՞մ եք իրավիճակը դիվանագիտությամբ հարթելու հնարավորություն։

-Գոնե այս պահին դիվանագիտական ճանապարհ չի նշմարվում, որովհետև երկու կողմից էլ ամեն ինչ արվում է, որպեսզի հարցը լուծվի պատերազմով։ Ես չեմ կարծում, որ այդ պատերազմը կունենա լավ ավարտ՝ առաջին հերթին Ռուսաստանի համար։ Այս ամեն ինչի արդյունքում բանը կարող է հասնել նրան, որ Ռուսաստանն սկսվի քանդվել՝ հաշվի առնելով, որ ռուսական ռեգիոններում մարդիկ չեն ուզում պատերազմել ուրիշ երկրի տարածքում։ Եվ կարող են լինել սեպարատ տրամադրություններ։ Մեծ հաշվով՝ Ռուսաստանն այսօր կանգնած է կազմաքանդվելու վտանգի առջև։ Մեծ սպասումներ չունեմ նաև ուկրաինական զորքերից։ Չեմ կարծում, որ նրանց կհաջողվի այս պայմաններում վերցնել 2014թ. գրավված բոլոր տարածքները և Ղրիմը։ Այնպես, որ ամենաօպտիմիստական սցենարով՝ պատերազմը նորից կանգ է առնելու ուկրաինական տարածքում, և նորից կնքվելու է ժամանակավոր հրադադար, որը կարող է տևել նույնիսկ տարիներ։

-Տեղի ունեցողն ինչպե՞ս կանդրադառնա մեր տարածաշրջանային գործընթացների վրա։

- Ուկրաինական իրադրաձություններից որևէ լավ բան մեր տարածաշրջանի համար չեմ սպասում։ Փետրվարի 24-ից մենք ասում էինք, որ կանգնելու ենք լուրջ վտանգների առջև։ Եվ ես այդ վտանգները չեմ կապում Ռուսաստանի թուլացման հետ։ Կարծում է՝ թյուր կարծիք է, որ Ռուսաստանը թուլացել է Ուկրաինայում, և դրա համար Ադրբեջանը այդքան սանձարձակ է պահում իրեն։ Այստեղ խնդիրը լրիվ այլ դաշտում է։ Ռուսաստանը կարող է շատ տարբեր սցենարներով շարժվել Հարավային Կովկասում։ Պետք է չբացառենք, որ Ուկրաինայի հետևանքով նա կարող է անգամ լքել Հարավային Կովկասը և այստեղ հրահրել մեծ պատերազմ, որպեսզի, տարածաշրջանը լքելուց առաջ, այն «պայթեցնի» և «հանձնի» ԱՄՆ-ին՝ այդ վիճակում։ Այնպես որ, վտանգները շատ են, բայց հույս ունեմ, որ ուկրաինական պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի, քանի որ դա բխում  է ինչպես մեր, այնպես էլ՝ բոլորի շահերից։ Եվ մենք կկարողանանք այսպիսի դեստրուկտիվ սցենարներից խուսափել։

Հայկ Մագոյան