Քաղաքական

ՌԴ նախագահը շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ։

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը խաղաղություն և բարօրություն է մաղթել Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

ՀՀ վարչապետին ուղղված ուղերձում Պուտինը գրել է․ «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Կարևոր նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին։ Կարևոր է, որ մեր երկրները հաջողությամբ փոխգործակցում են տարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում։

Վստահ եմ, որ կառուցողական երկկողմ կապերի հետագա զարգացումը բխում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերից, իսկ 2020 և 2021 թվականներին կնքված եռակողմ հայտարարությունների հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման համար։

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարօրություն»:

ՀՀ նախագահին ուղղված ուղերձում էլ Պուտինը նշել է․ «Ընդունեք շնորհավորանքներ ազգային տոնի ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում, միասին ծանրակշիռ ներդրում ունեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջմղման գործում։

Վստահ եմ, որ դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերին։

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»: