Քաղաքական

Սուրեն Պապիկյանը և Անդրանիկ Քոչարյանը այցելել են Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Սույն թվականի օգոստոսի 10-ին ՀՀ Պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությանը մասնակցելու շրջանակներում այցելել են Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։ Շրջայցի ընթացքում համալսարանի պետ Գենադի Տավարածյանը հյուրերին ներկայացրել է համալսարանի գործունեությունը, ծանոթացրել ուսումնական գործընթացին և դասավանդմանը վերաբերող խնդիրներին։ 
Նախքան շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտում սպասվող բարեփոխումների համապարփակ փաթեթը։ 
Արարողությանը հաջորդել է  «Ժամանակակից պատերազմների բնույթի ազդեցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումների և զարգացման վրա» գիտաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել համալսարանի պետ Գենադի Տավարածյանը, որը խոսել է ԶՈՒ-ի բարեփոխումների և զարգացման վրա ժամանակակից պատերազմների բնույթի ունեցած ազդեցության վերաբերյալ։
ՊԱՀՀ պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Քոչարյանը ներկայացրել է «Հարավային Կովկասում ռազմաքաղաքական արդի իրավիճակի ռազմավարական գնահատումը ՀՀ անվտանգային շահերի տեսանկյունից» թեմայով զեկույցը։ Ելույթում ներառված Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերի մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանումներ է տվել, ինչպես նաև խոսել աշխարհաքաղաքական նոր պայմաններում մեր զինված ուժերի վերականգնման և բարեփոխվելու անհրաժեշտության մասին։
Գնդապետ, ՊԱՀՀ-ի Օպերատիվ արվեստի հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս Ավագ Բաղդանյանն իր ելույթում անդրադարձել է օպերացիայի վարման ժամանակակից հայացքներին։
ՊԱՀՀ-ի գիտաուսումնական բաժանմունքի պետ Վանիկ Մելքոնյանը ներկայացրել  է ռազմական կրթության և մարտական պատրաստման համակարգերի զարգացման մեթոդաբանությունը։ Գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը ելույթ է ունեցել «Օպերատիվ արվեստի ճգնաժամը, նոր պատերազմի տեսություններ» թեմայով։
Գիտաժողովին ներկա են եղել նաև միջազգային փորձագետներ Էդուարդ Աբրահամյանը և Լեոնիդ Ներսիսյանը։
Միջոցառման ավարտին մասնակիցները քննարկել են ռազմական կրթության շղթայում Պաշտպանական Ազգային Հետազոտական Համալսարանի դերի և նշանակության բարձրացման հնարավոր ուղիները։