«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր տեղեկություններով. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ տարի առաջ ճաշած դատավորին ուզում են նոր ստեղծվելիք պալատի նախագահ դարձնել: Բանն այն է, որ 2022 թվականի հունվարի 17-ին ԱԺ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ:
Ու մինչ ԱԺ-ն այս մասով որոշում կկայացնի, ՀՀ վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագահի իշխանության թեկնածուն Վճռաբեկի դատավոր Հովսեփ Բեդեւյանն է, սակայն նախագահի պաշտոնի համար այլ դատավորներ եւս պայքարում են: Ավելին, անգամ քաղաքական իշխանությունը գտել է, թե ով պետք է դառնա Քաղաքացիական պալատի նախագահ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանց թեկնածուն Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանն է, որը դեռեւս անցած տարի եղել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը»։