Վերլուծություն

Ըստ ՀՅԴ-ի՝ Քոչարյանին կարելի էր, ներկա իշխանություններին՝ ոչ

ՀՅԴ Սփյուռքի կառույցների ներկայացուցիչները շարունակում են արտերկրում հետապնդել Հայաստանի ժամանած պաշտոնյաներին։ Այս անգամ նրանց թիրախում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էր, որը մեկնել էր Կիպրոս։

ՀՅԴ Կիպրոսի կենտրոնական կոմիտեն, չբավարարվելով Սինանյանի այցի վերաբերյալ հայտարարություն տարածելով, իր ներկայացուցիչներին գործուղել էր հյուրանոցի ճաշարան, որտեղ նախաճաշում էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Եվ նրանք, ընդհատելով Սինանյանի նախաճաշը, փոխանցեցին իրենց բողոքի նամակը, նաև՝ Արցախի դրոշը։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ՀՅԴ-ականների այդ հետապնդումները չափազանց տգեղ են։ Շատ ավելի հետաքրքիր է, թե ի՞նչ էին փորձում նրանք «փոխանցել» Սինանյանին։ Եվ, այս առումով, ՀՅԴ հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Կազանչյանի հայտարարությունը շատ խոսուն էր. նա դժգոհություն հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից. «Այդ հայտարարությունը պետք չէր ըլլալ»,- խրոխտ հայտարարեց Կազանչյանը։ Շատ հայրենասիրական է հնչում՝ հայդատականության ու պահանջատիրության «ծիրին մեջ»։

Բայց հիշեցնենք՝ արդյո՞ք Ալեն Սիմոնյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ հայտարարել է Թուրքիայից որևէ հողային պահանջ չունենալու մասին։ Որքան էլ զարմանալի է, այս մասին մշտապես խոսել են նաև նախկին իշխանությունները, և խոսել՝ հենց պետության առաջին դեմքի մակարդակով։ Եվ դա այն իշխանությունն էր, որոնց հետ ՀՅԴ-ն դաշինքի մեջ էր, կոալիցիայի անդամ էր, իշխանության հենասյուն էր։

Օրինակ, ՀՅԴ-ի «մշտական առաջնորդ-թեկնածու» Ռոբերտ Քոչարյանը դեռ 2001թ. Ստրասբուրգում հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Ցեղասպանության ճանաչման գործընթացում այսօր Հայաստանը, որպես պետություն, տարածքային պահանջներ չի ներկայացնում Թուրքիային, որովհետև դրա իրավական հիմքերը չունի»։ Քոչարյանը նման հայտարարություն արել էր նաև 2005թ.՝ ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը՝ ասելով, որ «Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, և կոչ էր արել՝ պահանջների հարցում լինել ավելի իրատես»։

Նույնը՝ նաև Սերժ Սարգսյանը. 2015թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, նախագահականի կայքում հրապարակվեց նրա հարցազրույցը թուրքական «Հյուրիեթ» թերթին, որտեղ նախկին նախագահն ասել էր. «Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է»: Նույն այդ միտքը Սերժ Սարգսյանը կրկնել էր նաև այլ առիթներով։

Եվ ահա, չնայած այս ամենին, ՀՅԴ-ականները ժամանակին որևէ դժգոհություն չեն հայտնել ոչ Քոչարյանի, ոչ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ, չեն հետապնդել նրանց ենթակա պաշտոնյաներին, անակնկալի չեն բերել հաց ուտելիս և դեռ մի բան էլ ավելին՝ համագործակցել են ու պաշտպանել։

Պետք է հստակ արձանագրել, որ ՀՅԴ-ականները տարիներ շարունակ Քոչարյանի պաշտոնավարման օրոք եղել են իշխող կոալիցիայի անդամ՝ հավասարապես պատասխանատվություն կրելով նրա վարած քաղաքականության համար, այդ թվում՝ Քոչարյանի վերոնշյալ հայտարարության համար։ Հիմա՝ ի՞նչ, Քոչարյանին կարելի է, մյուսներին՝ ո՞չ։ ՀՅԴ-ն Քոչարյանի հետ նաև դաշինք կազմեց 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում ու այսօր էլ համագործակցում է նրա հետ։

ՀՅԴ-ականները սերտորեն համագործակցում էին նաև Սերժ Սարգսյանի հետ՝ հենց 2015 թվականին, երբ միասին Ցեղասպանության 100-ամյակ էին «նշում», պահանջատիրական «Հռչակագիր» հորինում ու աշխարհով տարածում, իսկ Սերժ Սարգսյանը խոսում էր Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու մասին։ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ նաև որոշ ժամանակ անց ստորագրել էր համապատասխան հուշագիր՝ պարտավորվելով ամբողջական պատասխանատվություն կրել իշխանության համար։ 

Ու հիմա, երբ ՀՅԴ-ականները քննադատում են գործող իշխանությանը՝ Թուրքիային տարածքային պահանջներ չառաջադրելու կապակցությամբ, ճիշտ կանեին նաև պարզաբանել, թե այդ դեպքում ինչո՞ւ են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ և այն ժամանակ չեն ընդդիմացել նրանց հայտարարություններին։ Ինչո՞ւ են համաձայնվել, որ նախկին իշխանություններն «ուրանան» Ցեղասպանությունը։ 

Չնայած, իրականում այս հարցի պատասխանն առավել քան պարզ է. ՀՅԴ-ականների համար ցեղասպանության հարցը կուսակցական բիզնես է և ոչինչ՝ ավելին։ Դրանից էլ բխում են հայտարարություններն ու «գաղափարախոսական» մարտերը