Վերլուծություն

Ընդդիմադիրները չեն թաքցնում հակասությունները

«Դիմադրության» շարժման շարքերում հակասություններն արդեն բացահայտ բնույթ են կրում. խորհրդարանական երկու խմբակցություններն առանձնապես չեն էլ փորձում թաքցնել խորացող անջրպետը։

Շուրջօրյա բողոքի գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր ընդդիմադիր երկու բևեռների միջև պայքարի մեթոդների ընտրության հարցում հակասությունը, երբ ՀՅԴ-ն անընդհատ գնում էր իրավիճակը լարելու, սադրանքների և ցուցարարներին բախումների տանելու ճանապարհով, իսկ ընդդիմադիր մյուս թևը խուսափում էր կտրուկ քայլերից, ընդ որում՝ երբեմն հաջողելով կասեցնել էսկալացիան։ Ներընդդիմադիր պայքարն ավարտվեց նրանով, որ ՀՅԴ-ն, ըստ էության, ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց նախաձեռնողականությունն ու սրընթաց ճանապարհով գնաց դեպի գահավիժում։ Որքան էլ փողոց դուրս եկած ընդդիմությունը հայտարարի, թե իրենք ընդամենը մարտավարական փոփոխություն են կատարել, բայց և շարունակելու են պայքարը, ավելին՝ այն ընդլայնելու են ու մարզային կառույցներ են ստեղծելու, ակնհայտ է՝ շարժումն այլևս ավարտվել է։ Եվ առաջիկա օրերի մանր-մունր գործողություններն ընդամենը «հետցնցումներ» են հիշեցնելու՝ սեփական դեմքը փրկելու փորձեր, ոչինչ՝ ավելի։

Սակայն ընդդիմադիր ճամբարում խմորումները դեռ երկար կընթանան, և ականատես ենք լինելու պատասխանատվությունը միմյանց վրա բարդելու անթաքույց դրսևորումների։ Այս առումով առաջին «կայծը» Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունն էր, երբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին կարգեց «ընդդիմության առաջնորդ» ու ընդդիմության հետագա գործողություններն իմանալու համար խորհուրդ տվեց սպասել նրա հայտարարություններին։

Բայց մինչ այդ էլ ակնհայտ էր, որ առնվազն Սերժ Սարգսյանն ու իր շուրջ գտնվողները փորձում են տարանջատվել «Հայաստան» խմբակցությունից ու ՀՅԴ-ից։ 

Պատահական չէ, որ տևական ժամանակ է՝ պայքարի առաջին շարքերում չէ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը ոչ վաղ անցյալում էլ բուժվելու պատճառաբանությամբ մի քանի օրով բացակայեց երկրից։ Նա մեկնեց այն ժամանակ, երբ, չնայած արտաքուստ ակտիվ գործողություններին, արդեն ակնհայտ էր՝ ընդդիմադիրների «ցանցային, ապակենտրոն» պայքարը ձախողվում է, ու հասարակությունը չի արձագանքում նրանց կոչին։ 

«Հայաստան» խմբակցության, ավելի ճիշտ՝ ՀՅԴ արձագանքը շատ չուշացավ. անդրադառնալով Վանեցյանի այս օրերի բացակայությանը՝ Իշխան Սաղաթելյանն ասել է, թե իրենք մշտապես ակտիվ կապի մեջ են եղել և հրապարակում հայտարարված որոշումները քննարկել են մշտապես. «Իր հետագա որոշումների մասին պետք է հայտնի Արթուր Վանեցյանը: Պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին առնվազն ինձ որևէ բան դեռ չի ասել»,- նշել է Սաղաթելյանը։ 

Այսինքն, ՀՅԴ-ն փորձում է հասկացնել, որ իր որոշումներում միայնակ չի եղել, այլ մշտապես խորհրդակցել է գործընկեր խմբակցության ներկայացուցիչների հետ։  Ըստ այդմ՝ նրանք փորձում են «հավասարապես բաշխել» պատասխանատվության բեռը։

Այս ամենը դեռ «առաջին ծաղիկներն են»։ Դժվար չէ կռահել՝ ընդդիմության ներսում ինչ փոթորիկներ կլինեն, երբ հերթը հասնի շատ ավելի լուրջ թեմաների, մասնավորապես, ծախսված գումարների ու դրանց արդյունավետության հարցերին։