Վերլուծություն

Ինչպես է աղմուկն ազդում մարդու վրա

Ձայներն ու աղմուկը մարդու և այլ կենդանի օրգանիզմների վրա շրջապատող միջավայրի ազդեցության դրսևորումներից են։ 

Մարդը միշտ ապրել է տարբեր հնչյունների ուղեկցությամբ: Ձայն անվանում են շրջապատող արտաքին միջավայրի մեխանիկական տատանումները, որոնք ընկալվում են մարդու լսողական ապարատի կողմից (վայրկյանում 16-ից 20.000 տատանում)։ Ավելի բարձր և չընկալվող հաճախականության տատանումները կոչվում են ուլտրաձայներ, ավելի ցածր հաճախականության տատանումները՝ ինֆրաձայներ: 

Աղմուկները բարձր ձայներ են, որոնք ձևավորում են անհոդաբաշխ, անկայուն հնչողություն:

Անձրևի թեթև, հաճելի տարափը, տերևների հանդարտ, հանգստացնող խշշոցը, զեփյուռի խուլ շնկշնկոցը, անտառային առվի քչքչոցը, թռչունների հաճելի դայլայլը, ջրի ճափյունը, սենյակային ժամացույցի չկչկոցը, ծովալիքի շառաչը միշտ հաճելի են: Դրանք հանգստացնում են մարդուն, հանում ստրեսը, լիցքավորում դրական էներգիայով։ Բայց մեր տեխնոգեն դարաշրջանում բնական ու ցածր ձայները գնալով ավելի հազվադեպ են դառնում, ընդհանրապես անհետանում կամ կլանվում հարաճուն ուրբանո-տեխնոլոգիական «քաղաքակրթության» կողմից:

Բնության մեջ բարձր ու տհաճ ձայներ հազվադեպ են լինում. անգամ աղմուկի պարագայում՝ այն համեմատաբար թույլ է և կարճատև։ Ձայնային գրգռիչների համակցությունն ու տևողությունը կենդանիներին ու մարդկանց տալիս է անհրաժեշտ ժամանակ՝ գնահատելու դրանց բնույթն ու դրանց նկատմամբ համապատասխան ռեակցիա ձևավորելու: 

Բարձր և շարունակական ինտենսիվության ձայներն ու աղմուկը խաթարում են լսողական ապարատը, քայքայում նյարդային կենտրոնները, առաջացնում ցավ, շոկ, նյարդային ու հոգեկան շեղումներ և, նույնիսկ, մահ: Երկարատև աղմուկը բացասաբար է ազդում լսողության օրգանի վրա՝ նվազեցնելով ձայնի նկատմամբ զգայունությունը, հանգեցնում է սրտի, լյարդի և այլ օրգանների գործունեության խաթարման, օրգանիզմի նյարդաբջիջների հյուծման և գերլարման: Թուլացած նյարդաբջիջները չեն կարող հստակ և կանոնավոր համակարգել օրգանիզմի որոշակի կամ, նույնիսկ, բոլոր համակարգերի աշխատանքը: Արդյունքում օրգան-համակարգերի գործունեության լուրջ խաթարումներ են լինում։

Աղմուկի մակարդակը չափվում է դեցիբելներով՝ ձայնային ճնշման աստիճանն արտահայտող միավորներով: Այդ ճնշումն անսահմանափակ չէ։ 20-30 դեցիբել աղմուկի մակարդակը մարդու համար անվնաս է։ Դա, այսպես կոչված, բնական ֆոնային աղմուկն է, որին մարդն արձագանքում է՝ առանց իր համար բացասական հետևանքների։ Ինչ վերաբերում է համեմատաբար բարձր ձայներին, ապա վերին սահմանը մոտ 80 դեցիբել է։ Ձայնային տատանումները, որոնք հասնում են մինչև 130 դեցիբել և բարձր, արդեն պրոբլեմներ են առաջացնում մարդու մոտ, իսկ 150-ը դառնում է անտանելի և կարող է նույնիսկ մահվան հանգեցնել։

Արդյունաբերական և այլ ձեռնարկություններում աղմուկի մակարդակը շատ բարձր է. այն երբեմն հասնում է մինչև 90-100 դեցիբել և ավելի: Ավելի հանգիստ չէ խոշոր, անկանոն ու անգրագետ պլանավորված քաղաքների բնակարաններում ու փողոցներում՝ մեքենաների հռնդյունը, ժամանցի վայրերի ոռնոցն ու բարձր խոսացող մարդկանց աղմուկը անում են իրենց «սև գործը» բնակիչների հոգեկանի վրա:

Բարձր աղմուկի մշտական ազդեցությունը կարող է ոչ միայն բացասաբար ազդել լսողության վրա, այլև՝ հանգեցնել ֆիզիկական ակտիվության և կենսագործունեության նվազման, գլխապտույտի, գլխացավերի, իմունիտետի անկման, գերհոգնածության և բազում այլ առողջական խնդիրների:

Աղմուկն ունի, այսպես կոչված, կուտակային ազդեցություն. ակուստիկ ձայնային գրգռիչը, կուտակվելով օրգանիզմում, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է ընկճում նյարդային համակարգը։

Հետևաբար, բավականին հաճախ, տարբեր աղմուկների ազդեցության հետևանքով, առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում։ 

Վաղուց նշվել է, որ նյարդահոգեբուժական հիվանդությունների մակարդակն ավելի բարձր է աղմկոտ պայմաններում աշխատող ու աղմկոտ միջավայրերում ապրող մարդկանց մոտ, քան՝ նրանց, ովքեր բնակվում ու աշխատում են նորմալ միջավայրերում:

Աղմուկը առաջացնում է սրտանոթային համակարգի տարբեր ֆունկցիոնալ խանգարումներ, վնասակար և, հաճախ, անդառնալի ազդեցություն ունենում տեսողական և վեստիբուլյար անալիզատորների վրա, նվազեցնում մարդու ռեֆլեքսային ակտիվությունը, ինչը հաճախ դառնում է աշխատավայրում ու կենցաղում դժբախտ պատահարների, վնասվածքների, անձնային շփումներում՝ աննորմալ հարաբերությունների ու անադեկվատ ռեակցիաների պատճառ: Անձը դադարում է մտածել, հարաբերվել ու ապրել առողջ։

Անլսելի ձայները նույնպես կարող են վնասակար ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։ Ինֆրաձայները հատկապես ուժեղ են ազդում մտավոր գործունեության բոլոր տեսակների վրա, վատանում է տրամադրությունը, կարող է հայտնվել շփոթության զգացում, անհանգստություն, վախ, տագնապ, իսկ բարձր ինտենսիվության դեպքում՝ թուլության զգացում, ուժեղ նյարդային կամ մտավոր լարվածություն։ Իզուր չէ, որ տարբեր երկրների գաղտնի լաբորատորիաներում տարբեր տեսակի զենքեր են մշակվում, որոնց հիմքում մարդու վրա ձայնային ալիքների ազդեցությունն է։ 

Նույնիսկ թույլ ինֆրաձայնային տատանումները կարող են զգալիորեն ուժեղ ազդեցություն ունենալ մարդու վրա, հատկապես, եթե դրանք տևական բնույթ են կրում։

«Քաղաքակրթական» աղմուկների մեջ մեծ ծավալ զբաղեցնող ուլտրաձայները նույնպես մեծ վտանգ են պարունակում։ Օրգանիզմի վրա դրանց ազդեցության մեխանիզմները չափազանց բազմազան են։ Դրանց բացասական ազդեցությունը հատկապես մեծ է կենտրոնական նյարդային համակարգի բջիջների վրա։

Աղմուկի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա տեղի է ունենում դանդաղ և հաստատուն: Պարադոքսալ է, բայց մարդը գործնականում անպաշտպան է աղմուկի ազդեցության դեմ: Միակ ելքը՝ պրոբլեմը հասկանալն ու ճիշտ քաղաքակրթական վայր ընտրելն է՝ բնակության համար։