Վերլուծություն

Ընդդիմությունը հիմա էլ ֆեյք կուսակցություններով է «խաղում»

Նախօրեին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե իրենք հանդիպելու են շուրջ երեք տասնյակ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Իսկ երեկ արդեն 15 կուսակցություններ ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին ընդառաջ հայտարարություն տարածեցին՝ իրենց զորակցությունը հայտնելով ընդդիմության հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատելով «կենսական Հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում»։ Հայտարարության ողջ իմաստն այն էր, որ  «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության ընդունումը համարում են կենսական անհրաժեշտություն։ 

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր շուրջ երեք տասնյակ կուսակցությունների հետ հանդիպման մասին, բայց իրենց սատարող հայտարարության տակ ստորագրել են նրանց կեսը (եթե, իհարկե, հանդիպել են երեք տասնյակ կուսակցության հետ)։

Շատ ավելի հետաքրքիր է, թե ո՞ր կուսակցություններն են սատարում արդեն մեկ ամսից ավելի փողոցային պայքար մղող, և այդպես էլ կրիտիկական զանգված հավաքել չկարողացող խորհրդարանական ընդդիմությանը։ Պատկերն առավել քան խոստումնալից է՝ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն, «Համերաշխություն» կուսակցություն, «Ազգային անվտանգություն» կուսակցություն, «Ռեֆորմիստների» կուսակցություն և այսպես շարունակ: Չթվարկենք բոլոր 15-ի անունները, միևնույն է՝ դրանք ձեզ ոչինչ չեն ասի: Ճիշտ նույնկերպ ոչինչ չեն ասի այդ կուսակցությունների ղեկավարների անունները: Էլ չենք ասում այն մասին, որ այդ կուսակցություններում ամենամեծ ցանկության դեպքում դժվար է մատնանշել երկրորդ անձի անուն:

Այդ հայտարարության տակ ստորագրած ուժերից մեկն էլ, օրինակ, «Ազգային համաձայնություն» կուսակցությունն է. այս կուսակցության նախագահի անունը հայտնի է՝ Արամ Հարությունյանը, որ բոլոր նախագահական ընտրություններում առաջադրվում էր ու տեղ գրավում պատվավոր վերջին եռյակում: Իսկ որևէ մեկը կարո՞ղ է ասել այդ կուսակցությունում նրանից բացի մեկ այլ անձնավորության անուն: Իհարկե՝ ոչ: Նույնն ասենք «Ազգային անվտանգություն» կուսակցության մասին է, որի նախագահն էլ Գառնիկ Իսագուլյանն է, կամ ասենք՝ «Համերաշխություն» կուսակցությունը, որը ղեկավարում է ոմն Սարգիս Ավետիսյան և այսպես շարունակ: Կարելի է մատնանշել նաև «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»՝ քաղաքական դաշտի «հնաբնակներից» մեկը, որտեղ բացի Արամ Գ. Սարգսյանից որևէ մեկը չկա: Այդ շարքից է նաև «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը, որն էլ ղեկավարում է Սեյրան Ավագյանը:

Բայց արի ու տես, որ այդ կուսակցությունները կան, գրանցված են ՀՀ ԱՆ պետռեգիստրի գործակալությունում: Եվ անգամ հանդես են գալիս հայտարարությամբ, իրենց քաղաքական ուժ հռչակում և պահանջներ առաջ քաշում:

Լուրջ քննարկում ծավալելու դեպքում, իհարկե, կարելի էր հարցադրումներ հնչեցնել, թե օրինակ՝ եթե այդքան կուսակցություն է սատարում խորհրդարանական ընդդիմությանը, ապա ինչո՞ւ ցուցարարների թիվն ամենամարդաշատ օրերին չի անցնում 3-4 հազարը: Կամ այդ 15 կուսակցություններից քանի՞սն են մասնակցել ԱԺ ընտրություններին, քանի՞ հոգանոց ցուցակ են ներկայացրել ԿԸՀ, քանի՞ տոկոս քվե են ստացել և այլն:

Սակայն ինքներդ եք հասկանում՝ անիմաստ ժամավաճառություն է: