Վերլուծություն

Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցու՞մ, թե՞ առկախում. Հայաստանի մանևրը

Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությունը լայն արձագանք ստացավ հայաստանյան քաղաքական, փորձագիտական և լրատվական ոլորտներում։ Այն մեկնաբանվեց տարակերպ, տարբեր նպատակադրումներով և ելակետերից։ Հատկապես բուռն քննարկումների առիթը Միշելի հայտարարության այն հատվածն էր, որտեղ վերջինս նշել է, որ  «անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը»։ Իհարկե, այս հատվածի առանձնակի շեշտադրումը պատահական չէ։

Սա հնարավորություն էր տալիս Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ անցկացնող ընդդիմությանը լրացնելու սեփական քարոզչական զինանոցը՝ անգամ բողոքի թիրախ ընտրելով ԱԳՆ շենքը։ Չմոռանանք, որ ընդդիմության հանրահավաքները սկսվեցին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո, երբ վարչապետը հայտարարեց, որ միջազգային հանրությունն ակնկալում է, որ հայկական կողմը իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը։ Եվ ընդդիմադիր սեկտորից մեկնաբանությունները հենց այն տրամաբանությամբ են կառուցվում, որ իրենց հանրահավաքների առիթը ճիշտ էր, Միշելի հայտարարության այդ մասը վերահաստատում է իրենց մտավախությունների արդարացիությունը։

Այդուհանդերձ, Շառլ Միշելի այդ ձևակերպումից չի կարելի վստահորեն բխեցնել, որ այդպիսով, հավաքական Արևմուտքն իջեցնում է Արցախի կարգավիճակի նշաձողը: Հիշենք, որ մայիսի 19-ի հարցազրույցում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերահաստատել էր ԱՄՆ դիրքորոշումն այն մասին, որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված, և այն լուծելի է տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա:

Միշելի այդ հայտարարությունը հարկ է նաև դիտարկել ՌԴ միջնորդության համատեքստում, որում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հստակեցումներ նույնպես չկան, թեպետ Մոսկվան քանիցս պնդել է, որ կարգավիճակի հարցը պետք է հետաձգել ու քննարկել այն հետագայում: Թեպետ որոշ վերլուծական շրջանակներ Մոսկվայի և Բրյուսելի միջնորդական նախաձեռնությունները համարում են միմյանց ներհակ, բայց գոնե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին պայմանավորվածությունների բացակայությունը բնորոշ է երկու հարթակներին էլ: ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է անջատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Այս համատեքստում Բրյուսելի հանդիպումը թերևս հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հերթական կանգառն էր և ոչ պարտադրաբար ԼՂ-ի կարգավիճակի վճռման ատյանը:

Այս առումով հայկական կողմը թերևս փորձում է տարանջատել ԼՂ-ի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Երևանի շահագրգռվածությունն այս հարցում բնական է՝ նկատի ունենալով մոսկովյան և բրյուսելյան նախաձեռնություններում բանակցությունների բացակայությունը։ Հաշվի առնելով Երևանի ունեցած պաշարը՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցի՝ անորոշ ապագային թողնելը տրամաբանական է, առավել ևս, երբ հյուսիսի ու արևմուտքի միջև հիբրիդային պատերազմ է ընթանում: Հայաստանյան ընդդիմության բարձրացրած աղմուկն այդ առիթով որոշակիորեն արտահայտում է աշխարհաքաղաքական այն կենտրոնի անթաքույց խանդը արևմուտքի միջնորդական նախաձեռնությունների նկատմամբ:

Աշխարհաքաղաքական ներկա անհանգիստ իրավիճակում, երբ արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները ծայրաստիճան լարված են, իսկ Հայաստանի մանևրելու դաշտը բավականին նեղացված, երկրի ներսում անկայունությունը որևէ կերպ ձեռնտու չէ հայկական կողմին։ Ավելի ևս ներքին անդորրը չպետք է խաթարվի նեղ քաղաքական շահեր սպասարկելու միջոցով։ Ներկա լարված իրավիճակում Արցախի կարգավիճակի, դրա նշաձողի հարցի առկախումը վերադասավորվելու թեկուզ նվազ, բայց անհրաժեշտ հնարավորություն կարող է ընձեռել հայկական կողմին: Այս առումով է հատկապես, որ Հայաստանի ներսում անդորրն ու կայունություն կենսական անհրաժեշտություն են, որպեսզի իշխանությունն ի վիճակի լինի արտաքին մարտահրավերներին դիմագրավելու։