Արցախ

Հունվար ամսվա համար մշակվում են աջակցություն ծրագրեր․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը բնակչությանը կոչ է անում  բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ  վճարումներից ազատվելու վերաբերյալ  շրջանառվող լուրերին:

«Սպառված էլեկտրաէներգիայի, գազի,  ջրի,  կապի ծառայությունների դիմաց վճարումների իրականացումն  առաջին հերթին կարևոր է այս իրավիճակում   ենթակառուցվածքների և, մասնավորապես, էներգետիկ համակարգի կայունության պահպանման տեսանկյունից: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվար ամսվա համար մշակվում են աջակցություն ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի պահպանմանը, ճգնաժամի հետևանքով աշխատատեղերը կորցրած քաղաքացիների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի աջակցությանը: Կառավարության կողմից մշակվող այդ ծրագրերի մասին կհայտարարվի առաջիկայում: 

Հիշեցնենք, որ հունվարի 9-ից՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցման անջատման պատճառով Արցախում էներգամատակարարումն իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 17-ից Ադրբեջանի կողմից փաստացի  խափանված է նաև Հայաստանից Արցախ կանոնավոր գազամատակարարումը: 

Ստեղծված իրավիճակում կառավարությունը քայլեր է  ձեռնարկում բնակչության նվազագույն  էներգետիկ պահանջարկն առավելագույնս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար»,- ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ Telegram-ում։