Արցախ

Արցախում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք, կա 2 վիրավոր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք։ Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, ասված է ՌԴ ՊՆ նոյեմբերի 29-ի տեղեկագրում։ 

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ հետաքննում է այս միջադեպը։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է տարածքի 1 հա։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2493,5 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, 26 759 պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։