Արցախ

«Ռուբեն Վարդանյանի՝ նախագահ դառնալու հարց օրակարգում չկա». ԼՂՀ ԱԺ պատգամավոր

«Կարծում եմ՝ կարևոր իրադարձություն է Արցախի ներքաղաքական կյանքում». Radar Armenia-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂ ԱԺ «Ազատ Հայրենիք ՔԴՄ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկությանը։

Արցախցի պատգամավորի խոսքով՝ ոչ թե նշանակման առաջարկի հետ կապված դրական ազդակներ կան, այլ, ընդհանրապես, Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու հետ:

Հարությունյանը հույս ունի, որ այս որոշումը վարակիչ կլինի նաև այլ հայերի համար, որոնք աշխարհում տարբեր նվաճումներ ունեն. «Հույս ունեմ՝ Ռուբեն Վարդանյանը կընդունի նախագահի առաջարկը։ Հանրային տրամադրություններն էլ են դրական. ակնկալիք կա, որ Վարդանյանը կընդունի այդ առաջարկը»,- ասում է պատգամավորը։

Հարցին՝ հավանական համարու՞մ եք, որ առաջիկայում Ռուբեն Վարդանյանը կարող է ստանձնել Արցախի նախագահի պաշտոնը, Հարությունյանն ասաց, որ երկիրն ունի ընտրված նախագահ, և նման հարց օրակարգում չկա։

Արամ Հարությունյանից փորձեցինք ճշտել՝ ինչ պաշտոնում կնշանակվի ներկայիս պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Բեգլարյանը կայացած կադր է, և նախագահն էլ իր խոսքում ասաց, որ այս առաջարկը չի նշանակում, որ դժգոհ է Արտակ Բեգլարյանից։ Կարծում եմ՝ Բեգլարյանը անելիք դեռ շատ ունի և միանշանակ իր տեղը կգտնի»,- ասաց Արամ Հարությունյանը ։

Հիշեցնենք՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արցախ տեղափոխված ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։

Հայկ Մագոյան