Արցախ

Արզումանյանի ձերբակալության հետ կապված զարգացումները գտնվում են Նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին Նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել: Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: 

«Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ:

Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,- նշել է Լ. Ավանեսյանը: