Արցախ

Արցախում ցանկանում են անցնել կիսանախագահական համակարգի

Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակել է Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը։

Ըստ այդմ, Արցախում նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին, ինչպես նաև խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին, համապատասխանաբար, 2023 և 2024 թվականներին։

«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,- ասված է հայեցակարգում։

Որպես հիմնավորում նշվում է, որ «Արցախի ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության նախագահի ձեռքում»։

Կիսանախագահական կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, որի գործունեությունը ղեկավարում, ինչպես նաև կառավարության անդամների աշխատանքը համակարգում է վարչապետը: Նախագահը, հանդիսանալով Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Անվտանգության խորհրդի նախագահը:

Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է նաև անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը։

Անհրաժեշտ է լինելու նաև հրաժարվել գործող Սահմանադրությամբ ամրագրված Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա ընտրություններ անցկացնելուց:

Միաժամանակ, առաջարկվում է ընտրական գործընթացների ճկունությունն ապահովելու նպատակով, բացառիկ դեպքերում Արցախի Ազգային ժողովին վերապահել Հանրապետության նախագահ ընտրելու լիազորություն: