Մշակույթ

ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան՝ «Dubai Expo 2020» ցուցահանդեսում

Սաուդյան Արաբիայի տաղավարում «Dubai Expo 2020» համաշխարհային ցուցահանդեսի այցելուներին դիմավորել են «Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ողջունում է Հայաստանին»՝ հայերեն, անգլերեն ու արաբերեն լեզուներով գրառմամբ: «Dubai Expo 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ հանդես է եկել համատեղ մշակութային ծրագրով: Համատեղ համերգային ծրագրով հանդես գալու առաջարկը եղել է Հայաստանի տաղավարի կողմից: Համերգն անցկացվել է Սաուդյան Արաբիայի տաղավարում, որն ամենամեծն է ու ամենաշատ այցելությունն է ապահովում «Dubai Expo 2020»-ի շրջանակում:

Ըստ «Արմենպրեսի»՝ «Dubai Expo 2020»-ում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշել է, որ համատեղ համերգային ծրագրող հանդես գալու Հայաստանի տաղավարի ղեկավարության առաջարկը մեծ ուրախությամբ է ընդունվել Սաուդյան Արաբայի տաղավարում:

Երկու երկրների համատեղ համերգային ծրագրում Հայաստանից ելույթ է ունեցել կոմպոզիտոր Միհրան Գուրունիանը՝ Գուրումիրան, «Շուշիկի Բենդ»-ի վոկալիստների հետ, իսկ Սաուդիան Արաբիայից հանդես է եկել «Saudi Folk Group»-ը:

2021թ. հոկտեմբերի 1-ին Էմիրություններում մեկնարկել է «Dubai Expo 2020» համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցում է 192 երկիր, այդ թվում Հայաստանը: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի օրը նախատեսված է 2022թ. հունվարի 30-ին: