Մշակույթ

Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը հաղթող է ճանաչվել

Ֆրանսիայում ձևավորված «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, Հայաստանը ներկայացնելով՝ հաղթող է ճանաչվել Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Music Moves Europe Awards-ը Եվրոպական Միության` փոփ և ժամանակակից երաժշտության մրցանակն է: Մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել նորահայտ եվրոպացի արտիստներին և աջակցել նրանց միջազգային հանրահռչակման գործում: Ահա այս տարվա հավակնորդները. Ալինա Պաշ (Ուկրաինա), Աննա (Իտալիա), Բալկանյան Թաքսիմ (Ռումինիա), Blanks (Նիդեռլանդներ), Դենիզ Չայլա (Իռլանդիա), ДEVA (Հունգարիա), DORA (Իսպանիա), Francis of Delirium (Լյուքսեմբուրգ), Ֆրիդբերգ (Ավստրիա), Յադա (Դանիա), Լադանիվա (Ֆրանսիա), Մեսքերեմ Մեես (Բելգիա), Mezerg (Ֆրանսիա), Նեննի (Պորտուգալիա) և Զոե Ուիս (Գերմանիա): 

«Հրաշալի է, որ հնարավորություն ունենք բացահայտել այդքան տաղանդավոր եվրոպացի արտիստների: Մեզ շատ կարևոր և բարդ առաջադրանք էր վստահված: Իսկապես, բոլոր անվանակարգերի հաղթողները մեզ զարմացրել են հիանալի երաժշտական բազմազանությամբ և արտիստիզմով»,- նշել են ժյուրիի անդամները: Փոփ և ժամանակակից երաժշտության այս ամենամյա մրցանակը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից, տրվում է նորաստեղծ խմբերի արտիստներին, ովքեր ներկայացնում են այսօրվա և վաղվա եվրոպական հնչեղությունը: Մրցանակաբաշխության հաղթողները ստանում են 10 000-ական եվրո յուրաքանչյուրը: Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողը շահում է նաև 5 000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային լրացուցիչ կտրոն: Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակի հաղթողը ստանում է 5 000 եվրո մրցանակ: Յուրաքանչյուր թեկնածուի նաև հնարավորություն է տրվում մասնակցել ESNS-ի վերապատրաստման օրվան՝ իրենց գործունեությունը միջազգայնացնելու, հմտությունները զարգացնելու համար։