Ֆինանսներ

Փոխարժեքը 480-ի մակարդակի վրա պահելու դեպքում կունենայինք 17% գնաճ

 

Նրա խոսքով, ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանի բանկերում ոչ ռեզիդենտների ավանդները աճել են, աճել են նաեւ վարձակալության գները. «Հասկանում ենք չէ՞, որ արտարժույթը նույն ապրանքն է, եթե արտարժույթի պահանջարկը մնում է նույնը, բայց կտրուկ ավելանում է առաջարկը, նշանակում է ազգային արժույթի գինը պիտի ավելանա: Սա ասում եմ, որ միանգամից փակվի խոսակցությունը, թե ԿԲ-ն արժեւորեց հայկական դրամը»:

Մարտին Գալստյանն ասաց, որ գիտի՝ առանց ԿԲ միջամտության այս երկրում գնաճն ինքն իրեն չի վերանալու. «Այդ հորդորները՝ ԿԲ, արի դու արժեզրկի փոխարժեքը, որ արտադրողները չտուժեն, ընդունում եմ, բայց պիտի հասկանանք, որ դրա արդյունքում ունենալու ենք շատ ավելի բարձր գնաճ, ունենալու ենք մի իրավիճակ, երբ խարիսխները քանդվելու են ու ԿԲ-ն անհամաչափ տոկոսադրույք է բարձրացնելու: Եթե ԿԲ-ն ունի երկու ձեռք, որից մեկը փոխարժեքի միջոցով գների վրա ազդեցությունն է, մենք ասում ենք՝ ԿԲ, քո հիմնական աջ ձեռքը կապիր ու բոքս կպի ձախով՝ տոկոսադրույքով, դու այդ դեպքում անելու ես անկանոն ու անհամաչափ շարժումներ: Լսում ենք հորդորներ՝ Կենտրոնական բանկ, փոխարժեքը 480 արա: Իսկ ի՞նչ կլիներ դրա արդյունքում: Եթե անվանական փոխարժեքը մնար նույնը, գնաճը էական կբարձրանար, որի արդյունքում ԿԲ-ն ստիպված էր լինելու տոկոսադրույքը էականորեն բարձրացներ միանգամից, որի արդյունքում մեր ներքին պահանջարկը մեռնելու էր, այսինքն, մենք տնտեսությունը սպանելու էինք ու ռեցեսիայի մեջ էինք ընկնելու՝ առանց ակնհայտ եզրահանգումների, որ մենք կկարողանանք գնաճի դեմ պայքարել»:

ԿԲ նախագահի խոսքով՝ եթե դրսից եկած փողն առնեին, կուրսը 480 մակարդակի վրա պահեին, 2-3 ամիս հետո կունենայինք 17% գնաճ։