Ֆինանսներ

Եվրապառլամենտի հանձնաժողովը մերժեց բիտկոյնի դեմ արգելքը

Տնտեսության և արժութային հարցերով հանձնաժողովը (ECON) մերժել է օրինագիծը, որի նպատակն էր՝ արգելել բիտկոյնը Եվրամիության տարածքում: Պառլամենտի 32 պատգամավորները դեմ քվեարկեցին օրինագծին, իսկ 24-ը՝ կողմ:  

Ըստ հաղորդման՝ պատգամավորների մեծամասնությունը՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» (EPP), «Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» (ERC), «Նորացնելով Եվրոպան» (Renew) և «Ինքնություն և ժողովրդավարություն» (ID), դեմ քվեարկեցին օրինագծին: Ի հակադրություն՝ պատգամավորների փոքրամասնությունը՝ «Կանաչների կուսակցություն», «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» և «Եվրոպական միավորված ձախակողմյաններ», հիմնականում քվեարկեցին օրինագծի օգտին: 

«Սա մեծ հաղթանակ է՝ Եվրամիությունում բիտկոյնի և կրիպտոարժութային համայնքի համար», - նշել է «Unstoppable DeFi»-ի աճի և ռազմավարության բաժնի ղեկավար Պատրիկ Հանսենը: Նա հավելել է, որ Եվրոպական հանձնաժողովի կրիպտոարժույթների շուկայի կարգավորումները (MiCA) այլևս չեն վերաբերի կրիպտոգործարքներին, փոխարենը՝ կներառեն այս հարցը Եվրամիության կայուն ֆինանսների կարգաբանության մեջ՝ մինչև 2025թ․ հունվարի 1-ը: MiCA կարգավորումները ներառում են 126 կետ, ինչպես նաև՝ Եվրամիության և անդամ երկրների հաստատությունների կողմից դրանց իրականացման մանրամասն պլան: Նախնական տարբերակը ներկայացվել է Եվրոպական հանձնախմբի կողմից 2020-ին՝ որպես թվային ֆինանսների ռազմավարության մաս: 

Եվրոպական հանձնաժողովի կրիպտոարժույթների շուկայի կարգավորումները իրենց մեջ ամփոփում են կրիպտոարժույթի հետ առնչվող առարկաները, ինչպես, օրինակ, բոլոր խոշոր արժույթների և մետաղադրամների կարգավիճակը, գործարքների կատարման և փոխանակման հարթակների աշխատանքը՝ մի շարք էական բացառություններով, որոնցից են կենտրոնական բանկերի թողարկած թվային  արժույթները կամ Կենտրոնական բանկի թվային արժույթները (CBDCs)` անվտանգային հետքանշիչները,  չփոխարինվող հետքանշիչները NFT-ներն ու ապակենտրոնացված ֆինանսները կամ DeFi-ն:

Երկուշաբթի կայացած պառլամենտական նստաշրջանի հիմնական ինտրիգը նախնական երկու տարբերակաների էական տարբերությունների մեջ էր, որոնք դրված էին քվեարկության: Դրանցից մեկը կարող էր օրենքից դուրս դարձնել կրիպտոարժույթներով գործարքները, որոնք հիմնվում են աշխատանքի կատարման ապացուցման (PoW) հաղորդակարգի վրա:  Խնդրահարույց է այն կետը, ըստ որի՝ արժույթներ տրամադրողներից կպահանջվի ներկայացնել շրջակա միջավայրի կայունության չափորոշիչներին համապատասխանության վերաբերյալ մանրամասն պլան:

 
Կարգավորումների՝ առավել չափավորված տարբերակը, որը այժմ կշարունակի իր ճանապարհը եվրոպական ինստիտուտներով, չի պարունակում որևէ ուղիղ կամ միջնորդավորված արգելք կրիպտոգործարքների աշխատանքի կատարման ապացուցման վրա: Կրիպտոգործարքները կշարունակեն դասակարգվել որպես «անկայուն» գործունեության ոլորտ՝ մինչև 2025թ․ հունվարի 1-ը: Հետևաբար, դրանք զրկված կլինեն եվրոպական ընկերությունների և կառավարությունների աջակցությունից ու ներդրումներից: Սակայն սա շատ ավելի մեղմ է, քան հենց ուղիղ արգելքը, որի գործարկումը ծանր հետևանքներ կունենար կրիպտոարժույթի համար:

Հաջորդ քայլը պառլամենտում՝ «եռյակի» (Եվրամիության հանձնաժողով, Եվրապառլամենտ, Եվրախորհուրդ) բանակցություններն են՝ Եվրոպական հանձնաժողովի կրիպտոարժույթների շուկայի կարգավորումների նախնական տարբերակի շուրջ: Օրենքը կմտնի ուժի մեջ՝ կարգավորումների վերջնական համաձայնեցումից հետո (մի քանի ամսից): Ընկերություններին, այնուամենայնիվ, կտրամադրվի վեց ամսվա անցումային շրջան՝ իրենց գործունեությունը առաջադրված պահանջներին համապատասխանեցնելու համար: