Մշակույթ

Տեղի է ունեցել Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և …» երկլեզու գրքի շնորհանդեսը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի է ունեցել Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և…» երկլեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Այն նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին և մահվան 85-րդ տարելիցին:

Շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը և ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ողջունելով ներկաներին՝ նշել է, որ անչափ ուրախ է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցության համար, ինչի արդյունքում էլ ֆրանսերեն լեզվով թարգմանվել և հրատարակվել է Չարենցի ««Ծիածանը» և…» գիրքը:

«Գիրքն առաջին անգամ է հայերենից թարգմանվել ֆրանսերեն: Ֆրանսիայի դեսպանատան համար շատ կարևոր է ֆրանկոֆոն հանրությանը ներկայացնել Չարենցի ստեղծագործությունները: Հայ ժողովրդի համար Չարենցն ու նրա ստեղծագործություններն առանձնահատուկ են, մեզ համար՝ նույնպես, որովհետև մենք Հայաստանի հետ ունենք շատ ամուր մշակութային կապեր: Առիթից օգտվելով ուզում եմ Ֆրանսիայի դեսպանատան անունից հարգանքի տուրք մատուցել գրքի ֆրանսերեն թարգմանության հեղինակ Արամ Բարլեզիզյանին»,- նշել է Գիյոմ Նարժոլեն և շնորհակալություն հայտնել գրքի ստեղծման գործում իրենց ավանդն ու ներդրումն ունեցած բոլոր անհատներին և կազմակերպություններին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը շնորհավորել է բոլորին կարևոր նախաձեռնության կապակցությամբ և նշել, որ դեռևս 2021 թ. Եղիշե Չարենցի ծննդյան հոբելյանական տարվան ընդառաջ՝ հանձնաժողովի կողմից առանցքային նշանակություն է տրվել թարգմանական ծրագրերի իրականացմանը: