Մշակույթ

Թբիլիսիում հայտնաբերված հայերեն գրություններով տապանաքարերը և մասունքները կտեղափոխվեն Խոջիվանքի պանթեոն

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Թեա Ցուլուկիանին և Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանն այցելել են Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության շենքի հարակից տարածք, որտեղ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր և մարդկային մասունքներ։

Ինչպես հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, հայտնաբերված տապանաքարերն ու մասունքները կտեղափոխվեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանքի» պանթեոն։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին ցուցաբերած հոգատարության համար՝ բարձր գնահատելով վրաց ժողովրդի վերաբերմունքը քաղաքակրթական և քրիստոնեական համընդհանուր արժեքների նկատմամբ։ Այս տարածքում է գտնվել խորհրդային տարիներին ավերված Թբիլիսիի հայկական Վանքի մայր տաճարի գերեզմանոցը։