Մշակույթ

Ներկայացվել են Հայաստանի կոմպոզիտորների միության պատմության ամենահետաքրքիր դրվագները

Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց հոկտեմբերի 7-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, ներկայացված արխիվային լուսանկարների, փաստաթղթերի միջոցով հնարավոր է ծանոթանալ միության ստեղծման, վարչական շենքի, Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման պատմությանը,  համերգներին և այլ կարևոր իրադարձություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը միությունը համեմատեց 90-ամյա «երիտասարդի» հետ՝ նշելով, որ հենց դա է պատճառներից մեկը, որ հոբելյանական ցուցահանդեսը բացվում է «Երիտասարդական» կայարանում: Նրա խոսքով՝ մարդիկ պետք է ճանաչեն հայ անվանի կոմպոզիտորներին և երիտասարդ ստեղծագործողներին, որոնց գործերը հնչում են ամբողջ աշխարհում, իսկ ցուցադրությունը կարող է նպաստել դրան:

«Կոմպոզիտորները ստեղծագործում են հանուն հայրենիքի, գրում են երգեր, սիմֆոնիկ մեծակտավ գործեր հանուն հայրենիքի: Մեր  զենքը մեր երաժշտությունն է, որն այսօր ուղղորդում է քաղաքացիներին առաջ գնալ,  հավատալ, իսկ երաժշտության մեջ պետք է  լինի դրական հույզ: Երաժշտության մեջ արտահայտվում է և՛ այսօրը, և՛ հետագան»,-ընդգծեց Սաթյանը:

Կոմպոզիտոր, միության համերգային կազմակերպչական բաժնի ղեկավար Էդմոնդ Մակարյանն էլ հիշեցրեց, որ հոբելյանական տարին հագեցած է եղել բազմաբովանդակ միջոցառումներով, համերգային ծրագրերով, փառատոնով, մրցույթներով: Նա շեշտեց, որ իրենց նպատակներից մեկը Դիլիջանի ստեղծագործական տունը վերակենդանացնելն է, վերակառուցելն ու նրան նոր շունչ տալը: Այդ նպատակով այնտեղ  մի շարք համերգներ են կազմակերպել, որոնք կշարունակվեն նաև հաջորդ տարի:

«Ներկայացված է 24 ցուցանմուշ, և ցուցահանդեսը կազմակերպվել է «Արվեստը մետրոյում» ծրագրի շրջանակում: Մետրոպոլիտենը ջանք չի խնայում, որ մեր սիրելի ուղևորները կայարանային համալիրում անցկացրած ժամանակն օգտագործեն ի նպաստ իրենց՝ ծանոթանալով հետաքրքիր ցուցանմուշներին, կարդալով  տեղեկությունները: Մենք միշտ աջակցում ենք նման նախագծերին, և մեր դռները բաց են բոլոր արվեստագետների համար»,- նշեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

Ցուցադրության բացմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որի համոզմամբ՝ դժվար է գտնել որևէ տեղ, որտեղ մարդկային այդքան մեծ հոսք լինի: «Հույս ունեմ, որ այս ցուցահանդեսը շատ ավելի մեծ ու երկարատև գործընթացի մեկնարկն է լինելու: 2023-2024 թվականներին նշանավոր իրադարձությունների, նշանավոր արվեստագետների հոբելյաններ կան. կարծում եմ՝ կարող ենք որոշ ժամանակով մետրոպոլիտենի յուրաքանչյուր կայարան պայմանաբար անվանակոչել նրանց անուններով ու ցուցադրել մեծերի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցադրություններ»,- շեշտեց փոխնախարարը:

Ըստ նրա՝ մշակույթը պետք է դուրս գա թանգարանների պահոցներից, ցուցասրահներից և պետք է մտնի մարդկանց կենցաղ, առօրյա: Հաճախ դժգոհում ենք, որ այս կամ այն վայրում հակամշակութային բովանդակությամբ պաստառներ կան և այլն. պետք չէ բողոքել, պետք է անել հակառակը: Պետք է դրական բովանդակությամբ հագեցնել մեր միջավայրը»,-շեշտեց Խզմալյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև սահմանային լարվածության պայմաններում կազմակերպվող մշակութային միջոցառումներին և նշեց, որ լարվածությունն ազդում է հանրային տրամադրությունների վրա, իսկ մշակութային նախաձեռնությունները, համերգները, ներկայացումները պահանջում են լավ տրամադրություն, լավատեսություն: «Ցանկացած սահմանային ցնցում անմիջապես իր ներգործությունն է ունենում հանդիսատեսի հաճախելիության վրա, բայց մեր ենթակայությամբ գործող բոլոր կառույցներին հրահանգել ենք միայն ամենախիստ լարվածութան դեպքում չեղարկել միջոցառումները, երբ զանգվածաբար հետ են վերադարձվում տոմսերը, երբ հանդիսատեսի ներկայության լուրջ խնդիր կա: Անգամ 20 հանդիսականի ներկայության դեպքում միջոցառումը պետք է կայանա: Չպետք է թույլ տանք, որ հանրային կյանքը կաթվածահար լինի»,-եզրափակեց նա:

Հոբելյանական ցուցահանդեսը բացվեց Հայաստանի կոմպոզիտորների միության, Հայաստանի ազգային արխիվի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ջանքերով: